Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ ասում եմ՝ գծագիր չի գծել»․ Մաքսայինի Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործում մեղադրյալին առնչվող փաստաթուղթը բացակայում է

Փետրվար 24,2021 18:20

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր կայացավ Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եւ Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը: Տուժողներ Արտաշես Ավետիսյանն ու Արմեն Ավետիսյանը նիստին չէին ներկայացել, դիմել էին այն առանց իրենց անցկացնելու համար։

Մեղադրող դատախազը հրապարակեց նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, որը, ինչպես հայտարարեցին ամբաստանյալները, պարզ չէ։

Դատավորի հարցին՝ արդյոք այդ մեղադրանքով իրենք մեղավոր ճանաչում են իրենց, ամբաստանյալներ Լեւոն Սարգսյանն ու Սուրեն Ղազարյանը պատասխանեցին՝ ոչ, մեղադրանքը չեն ընդունում։ Լեւոն Սարգսյանն ասաց՝ պարզ չէ, թե ինչու են այդ հոդվածով իրեն մեղադրանք առաջադրել։

Լեւոն Սարգսյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որը վերջինս բավարարեց։ Պաշտպանի ներկայացմամբ՝ այս գործով նախկին դատապարտյալներ կան, որոնք հարցաքննվել են եւ ցուցմունք են տվել Լեւոն Սարգսյանի վերաբերյալ․ «Եվ դրանից հետո ինչ-որ բաներ են սկսվել կատարվել՝ նրանց ռեժիմն է փոխվել, բաց ռեժիմի են անցել եւ մենք տեղեկություն չունենք՝ ինչ աստիճանակարգով անցան բաց ռեժիմի։ Մենք չունենք տվյալներ, թե դատապարտյալները ցուցմունքները երբ են տվել ու երբ են անցել բաց ռեժիմին»:

Փաստաբանի խոսքով՝ դիմել էր ՔԿՀ-ի պետին եւ խնդրել տվյալներ տրամադրել նշված դատապարտյալների մասին, սակայն մերժում է ստացել, պետը հիմնավորել է, որ այդտեղ անձնական գաղտնիք պարունակող տվյալներ կան․ «Մենք գիտենք, որ ցուցմունքից երկու ամիս հետո Արա Կարապետյանը մի հիմնարկում, Արմեն Նիկողոսյանն էլ մեկ այլ ՔԿՀ-ում անցել են բաց ռեժիմի»։

Պաշտպան Աշոտ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որ վերջինիս միջոցով այս գործով անցած նախկին դատապարտյալներ Արա Կարապետյանի, Արմեն Նիկողոսյանի,Սուրեն Մելքոնյանի, Արսեն Սողոմոնյանի, Բագրատ Սողոմոնյանի, Հայկ Մելքոնյանի, Արշակ Գրիգորյանի, Հովհաննես Նազարյանի վերաբերյալ տվյալներ ստանան՝ արդյոք պատիժը կրելու ընթացքում տույժեր կամ խրախուսումներ ստացե՞լ են, թե՞ ոչ, եթե ստացել են, ինչ հիմքով եւ երբ են ստացել, ինչ աստիճանակարգերով եւ ինչ հիմքով են փոխվել ուղղիչ հիմնարկների տեսակները եւ այլն։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Սուրեն Ղազարյանի պաշտպանն էլ ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ առկա չեն դեպքի վայրի զննության մանրամասները, որոնք պաշտպանական կողմին անհրաժեշտ են․ «Մեղադրող կողմը խոսում է, որ իբր Սուրեն Ղազարյանը փաստաթուղթ է գծել, որը հիմք է հանդիսացել կամ օգնել է հանցագործներին ավելի հեշտությամբ հանցանք կատարել, բայց այդ փաստաթուղթը չկա։ Ես էլ ասում եմ՝ գծագիր չի գծել, չգիտեմ, «պիտաչոկ» է նկարել։ Մենք մի իրավիճակում ենք, որ չունենք փաստական հանգամանքը, չենք կարողանում դրան հասնել, դատարանն էլ պարզաբանում է՝ գնացեք ինքներդ ստացեք։ Մեզ համար դա շատ դժվար է, մեզ մերժել են, չեն տրամադրում, հիմնականում հիմնավորելով, թե անձնական տվյալներ են։ Դուրս է գալիս, որ անձին մեղադրում են ենթադրվող, այս դեպքում՝ երեւակայվող ինչ-որ փաստաթղթի համար, որը հիմք է հանդիսացել ոսկեղենը հափշտակելու համար, եւ եթե չեմ սխալվում, «սեյֆից» ոչ մի բան էլ չի հափշտակվել»։

Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը, որոշում կայացրեց հետազոտել քրեական գործում առկա ապացույցները, հրապարակել գործում առկա փաստաթղթերը, հարցաքննել գործով վկա Տիգրան Խաչատրյանին, տուժողներին եւ վերջում ամբաստանյալներին։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստի օր նշանակվեց մարտի 16-ը, ժամը 14։00-ին։

Լեւոն Սարգսյանը, որն այս գործով կալանքի տակ է, մեղադրվում է 11 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար։ Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից, 2019-ի նոյեմբերին նա հայտնաբերվել է Մոսկվայում եւ տեղափոխվել Հայաստան։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728