Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը հատուկ շեշտել է, որ «Կոնդ» թաղամասի զարգացման ծրագիրն ամբողջովին լինելու է ներառական գործընթաց, որտեղ հաշվի է առնվելու հանրային կարծիքը

Փետրվար 24,2021 18:24

Փետրվարի 24-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական ոլորտի կարճաժամկետ ու միջնաժամկետ առաջնահերթությունները: Նա կարևորել է 2021թ. փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որը խնդիր ունի վերականգնել ու կայուն զարգացման վրա դնել երկրի տնտեսությունը:

Այդ ծրագրի բաղադրիչների շարքում Տիգրան Ավինյանն առանձնացրել է ինչպես նոր ոլորտները, օրինակ՝ Հայաստանում տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի մշակման հեռանկարները, այնպես էլ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող, սակայն «Տնտեսական արձագանքման ծրագրով» ակտիվ փուլ մտած քաղաքաշինական նախագծերը:

Այդ համատեքստում քննարկվել են Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման և «Կոնդ» թաղամասի զարգացման ներդրումային ծրագրերը: Փոխվարչապետը հատուկ շեշտել է, որ «Կոնդ» թաղամասի զարգացման ծրագիրն ամբողջովին լինելու է ներառական գործընթաց, որտեղ հաշվի է առնվելու հանրային կարծիքը: Առաջիկա օրերին սպասվում է նաև «Կոնդ» թաղամասի վերակառուցման նախագծի մրցույթի հայտարարումը:

Անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաքին»՝ որպես պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակի, որն արդեն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներում հայտարարվելու է շինարարության մրցույթը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Նորագյուղ» թաղամասի զարգացան, Հայաստանում ակադեմիական ու նորարարական թաղամասերի ստեղծման հարցերի շուրջ:

Դիմիտրի Գվինդաձեն ներկայացրել է 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող գործառնությունները՝ նշելով, որ դրանց ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո: Նախորդ երկու տարիների աճի դինամիկան պահպանվել է՝ հասնելով գործառնությունների ռեկորդային ցուցանիշի և մոտ 93 տոկոսով բաժին ընկնելով մասնավոր հատվածին: ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող գործառնությունները ընդգրկել են բանկային, էներգիայի ու բնական ռեսուրսների, տրանսպորտային ոլորտները:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ բնագավառներում: Անդրադարձ է եղել մասնավոր հատվածի մրցունակության և արտադրողականության բարձրացման ուղղությամբ կառավարության կողմից մշակվող ծրագրերի շուրջ համագործակցությանը:

Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728