Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը,Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և պաշտոնատար այլն անձինք:
Նախքան քննարկումն սկսելը՝ վարչապետը նշել է. «Ինչպես գիտեք Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Եվ այս համատեքստում, բնականաբար, պատեհ է քննարկել այն մեխանիզմը, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա առիթ է և ոչ թե պատճառ, որովհետև հիմնարար հարցը միշտ գոյություն է ունեցել: Եվ հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո, ըստ էության, ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը:
Այստեղ թերևս մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ: Եվ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարունակվի արդյունավետ ու որոշակի ճանապարհ անցնելուց հետո, ի վերջո, դառնա կիրառական նշանակության արդյունք:
Կարդացեք նաև
Սա իսկապես լուրջ և հիմնարար խնդիր է, և մենք այսօր պիտի փորձենք այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ ու լսել, թե ինչ պատկերացումներ կան ընդհանրապես նման լուծումների մեխանիզմների և հեռանկարների վերաբերյալ: Մի բան ակնհայտ է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է կարողանանք հստակ հասկանալի, ձևակերպելի որոշումներ կայացնել ու համոզված լինել այդ որոշումների հետագա արդյունավետության մեջ»:
Հաջորդիվ ներկայացվել են գիտության ոլորտում առկա խնդիրները, ներուժը, միջավայրն ու զարգացման հնարավորությունները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել գիտության ոլորտի մի շարք ուղղություններում առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ քայլերին, գիտության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմանը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացմանը, ոլորտում դրամաշնորհային նախագծերի իրականացմանը, արտերկրի գործընկերների հետ փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ համագործակցության ծրագրեր են նախատեսվում Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ պետությունների գործընկերների հետ:
Վերը նշված հարցերի շուրջ ներկայացվել են մի շարք առաջարկություններ, հնչել են տարբեր դիտարկումներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ձևակերպել ոլորտի զարգացման «Ճանապարհային քարտեզ»-ն ու գործողությունների պլանը՝ հստակեցնելով ֆինանսական կարիքները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է վերը նշված աշխատանքներն իրականացնել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Գիտության պետական կոմիտեի համագործակցությամբ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ