Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գործ եմ ունեցել, որտեղ իմ վստահորդը 1 մլն դոլարից ավելի պետտուրք է վճարել». Սուրեն Գրիգորյան

Փետրվար 24,2021 17:58

Կառավարությունը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաեւ դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնել:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նախագիծը ներկայացնելիս Չեխիայի օրինակը բերեց, որտեղ այդ տուրքը իրենց սպառողական զամբյուղի 17%-ից ավելին է, Գերմանիայում՝ 30%-ից ավելի, իսկ Հայաստանում՝ սպառողական զամբյուղի 2%-ի չափով է սահմանված: Վրաստանում առաջին ատյանում պետտուրքը 3% է, Բելառուսում՝ 5%:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ մեզ մոտ եթե 10 հազար դրամ վարչական ակտ է սահմանվում, պետտուրքը 4000 դրամ է, եթե 10 մլն է սահմանվում, էլի պետտուրքը 4000 դրամ է: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ վարչական գործերով տարբերակված մոտեցում է պետք: Բացի այց, տուրքի առավելագույն չափ սահմանված չէ մեզ մոտ: Հիմա կնախատեսվի: Կառավարությունը գտնում է, որ մի շարք հարցերի դեպքում պետտուրքից պետք է ազատել մարդկանց: Օրինակ, շրջակա միջավայրի, ալիմենտային, բռնության ենթարկված անձանց դիմումների դեպքում: Պետտուրք չի գանձվի նաեւ հավաքների անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների, գործողությունների իրավաչափությունը վիճարկելու դեպքում:

Վճարման կարգադրության համար նախկինում պետտուրք սահմանված չէր, հիմա արդեն 1500 դրամ տուրք է սահմանվում:

Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ողջունեց վերին շեմի նախատեսումը. «Այսօրվա օրենսդրությամբ գործնականում խնդիր է առաջանում վերին շեմի բացակայության պայմաններում: Ես գործ եմ ունեցել, որտեղ իմ վստահորդը 1 մլն դոլարից ավելի պետտուրք է վճարել ընդհանուր գործի շրջանակներում»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728