Հայ-ռուսական համալսարանում կգործի «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն, որը ստեղծվում է Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա: Կենտրոնը կխթանի համալսարանի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Աշխատանքային խումբը շրջել է կենտրոնի համար առանձնացված տարածքներում, որտեղ տեղադրվել են ծրագրի շրջանակում ձեռք բերված կահույքը, լաբորատոր սարքավորումները և համակարգչային տեխնիկան: Միաժամանակ բուհը ոչ գումարային ներդրումների շրջանակում տրամադրել է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր: Կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն:
Դրամաշնորհային ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև կրթական բովանդակության ստեղծումը: Ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը նշել է, որ ընթացքում է «Գենային ճարտարագիտություն» երկլեզու մագիստրոսական ծրագրի իրականացումը կարգավորող փաստաթղթերի մշակման գործընթացը: Նրա խոսքով՝ այս փուլում վերանայվել և լրամշակվել է ՀՌՀ Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտում գործող «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» դիպլոմավորված մասնագետների պատրաստման կրթական ծրագիրը:
«Առկա կրթական ծրագրերում բարելավվել են մասնագիտական առարկաների ծրագրերը, և ներառվել են նոր գործնական առարկաներ: Այս ամենը թույլ կտա պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք ի վիճակի կլինեն բավարարել աշխատաշուկայում ձևավորվող պահանջարկը»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ ընթացքում են նաև գենոմային ճարտարագիտության և սեքվենավորման դասընթացների, հետազոտական ուղեցույցների մշակման աշխատանքները:
Կարդացեք նաև
Կարևորելով բուհ-մասնավոր հատված գործնական կապը՝ Ա. Առաքելյանը հավաստիացրել է, որ առաջիկայում կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ առողջապահության և տնտեսության մի շարք ոլորտներում իրականացնելով հետազոտություններ և տեխնոլոգիական փորձարկումներ:
«Արդեն իսկ ծրագրի շրջանակում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով Հայ-ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, Կենսաինֆորմատիկայի և Մոլեկուլային կենսաբանության ամբիոնների, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի ու Կենսաինֆորմատիկայի գիտական խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են»,- փաստել է դրամաշնորհային ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ գենոմիկան և գենոմի խմբագրումն արդեն իսկ սկսել են հեղափոխել կենսաբժշկությունը, կենսատեխնոլոգիաները և դեղագործությունը:
Ներկայում աշխատաշուկայում առկա է ոլորտի մասնագետների և մասնագիտացված գիտատեխնիկական կենտրոնների մեծ պահանջարկ, հետևաբար կենտրոնի առկայությունը ՀՌՀ-ին թույլ կտա դառնալ այդ գործընթացների մի մասը, ընդլայնել գենոմիկայի և գենոմի խմբագրման հետազոտությունները:
ՀՀ ԿԳՄՍՆ