Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն դատավորները, որոնք 2019-ից գնացել են կենսաթոշակի, նրանք ընդհանրապես չեն ստանում կենսաթոշակ». Անի Մխիթարյան

Փետրվար 24,2021 16:48

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց իմքայլական պատգամավորների նախագիծը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Նախկինում սահմանված էր, որ դատավորներն իրենց աշխատավարձի 55%-ի չափով պետք է ստանան կենսաթոշակ, սակայն ՍԴ-ի կողմից այդ նախագիծը ճանաչվել է հակասահմանադրական: ՍԴ-ն առաջարկել էր դատավորի վերջին աշխատավարձի 75%-ի չափով սահմանել: ՍԴ-ն երբ հակասահմանադրական է ճանաչում օրենքը, կառավարության վրա է դրվում պարտավորությունը 3 ամսվա ժամկետում փոխել այն: Ժամկետն անցել է, կառավարությունը չի բերել նախագիծ, ուստի պատգամավորներն են որոշել դա անել:

Նիստին ներկա ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը տարակուսած էր՝ խոսքը վերաբերում է դատավորի ապրուստի միջոցին, ՍԴ-ն որոշումը կայացրել էր 2019-ին ու պարտավորեցրել մինչեւ 2019-ի հոկտեմբերի 2-ը դատավորների թոշակի հարցը լուծել. «Ինչի՞ ենք մենք հասել 2021 թվականի մարտ ամիս համարյա եւ նոր փորձում ենք այս հարցին անդրադառնալ: 2019-ի հոկտեմբերի 30-ից այլեւս գոյություն չունի այն օրենքը, որը թույլ է տալիս դատավորի համար նշանակել կենսաթոշակ: Այդ մարդիկ, ովքեր 2019-ից գնացել են կենսաթոշակի, նրանք ընդհանրապես չեն ստանում կենսաթոշակ: Եթե ձեր կարծիքով դատավորներն այնպիսի սոցիալական վիճակում են, որ կարող են իրենց թույլ տալ 1 տարուց ավելի ապրելու առանց կենսաթոշակի, ապա ձեզ հավաստիացնում եմ, որ դա այդպես չի: Դատավորներն օր առաջ սպասում են այս օրենքի ընդունմանը, որպեսզի կարողանան ստանան իրենց հասանելիքը, այն ապրուստի միջոցը, որով պետք է իրականացնեն իրենց կենսագործունեությունը»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՍԴ-ն ասել է՝ 55%-ը քիչ է, Անի Մխիթարյանն ասաց, որ դա այդպես չի, հղումներ են արվել միջազգային մի շարք իրավական ակտերին, ՄԱԿ-ի սկզբունքներին, ԵԽ դատավորների անկախության եւ գործունեության մասին հանձնարարականին, Վենետիկի հանձնաժողովի՝ լիագումար նիստում ընդունված դատավորների անկախության վերաբերյալ զեկույցին եւ այլն. «Այնտեղ կարմիր թելով անցնում է այն սկզբունքը, որ դատավորը պետք է ստանա այնպիսի կենսաթոշակ, որը հնարավորինս մոտ է որպես դատավոր նրանց ստացած վերջին աշխատավարձի չափին: Իսկ 55%-ի դեպքում «մոտ» լինելու մասին խոսք չկա: Կենսաթոշակը լրջագույն երաշխիք է դատավորների անկախության, նաեւ որակյալ կադրեր ներգրավելու հարցում: Բավականաչափ թեկնածուներ կան, որոնց համար շատ էական է այս սոցիալական երաշխիքը: Եթե նրանք պետք է աշխատեն նվիրյալ կերպով ու հասնեն կենսաթոշակային տարիքի, նրանց պետք է նաեւ ապահովված ծերություն ունենան: Իսկ մենք ունենք այսօր լրջագույն խնդիր, դատական իշխանությունը չենք կարողանում համալրել որակյալ կադրերով: 15 տեղի համար ստանում ենք 20 դիմորդի դիմում: Սա աննախադեպ իրավիճակ է, նախկինում նման բան չի եղել: 20 դիմումից 5 հոգին է հաղթահարում շեմը ու անցնում աշխատանքի: Որակյալ կադրերը գերադասում են իրենց գործունեությունը ծավալել այն ոլորտներում, որոնք ապահովելու են ավելի բարձր աշխատավարձ եւ ապահովված ծերություն»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին ու այն քննարկվելու է առաջիկա լիագումար նիստում՝ որպես հրատապ հարց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728