Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԴ-ն գտնում է, որ դատավորին աշխատավարձի 55%-ի չափով թոշակ տալը քիչ է, պետք է 75%-ի չափով տան. Իմքայլականներն ուզում են փոխել օրենքը

Փետրվար 24,2021 16:22

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Աննա Կարապետյանը այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեցին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների մի փաթեթ:

Արթուր Դավթյան

Ինչպես ներկայացրեց Արթուր Դավթյանը, նախկինում սահմանված էր, որ դատավորներն իրենց աշխատավարձի 55%-ի չափով պետք է ստանան կենսաթոշակ: ՍԴ-ի կողմից այդ նախագիծը ճանաչվել է հակասահմանադրական՝ գտնելով, որ դա քիչ է, պետք է ավելի բարձր լինի, ու այսօր դատավորները, որոնք անցնում են կենսաթոշակի, լուրջ խնդրի առաջ են կանգնած: Չեն կարողանալու օգտվել 55%-ի չափով կենսաթոշակ ստանալու իրավունքից, ընդհանուր հիմունքներով թոշակ են ստանալու: Ուստի առաջարկվում է փոխել օրենքը:

Նախագծով դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում է այսպես. «Զուտ աշխատավարձի 75 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով: Կամ, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ՝ զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով»:

ՍԴ-ն երբ հակասահմանադրական է ճանաչում օրենքը, կառավարության վրա է դրվում պարտավորությունը 3 ամսվա ժամկետում փոխել այն: Ժամկետն անցել է, կառավարությունը չի բերել, ուստի պատգամավորներն են որոշել դա անել: Սերգեյ Բագրատյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ 55%-ը հակասահմանադրական է, քիչ է, իսկ 75%-ը՝ նորմալ, ինչպե՞ս են հիմնավորում: Արթուր Դավթյանն էլ ասաց, որ ՍԴ-ն այդպես է որոշել, ուզենք, թե չուզենք՝ դա է: «Այսինքն, անքննելի՞ են ՍԴ-ի որոշումները»,- զարմացավ Բագրատյանը:

Աննա Կարապետյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խնդրեց այս հարցը առնվազն 2 շաբաթով հետաձգել, որովհետեւ արդարադատության նախարարությունից առաջարկներ են ստացել, պետք է ամփոփեն, ՍԴ-ից կարծիք ստանան, նոր կարողանան դիրքորոշում ներկայացնեն: Աննա Կարապետյանն ասաց, որ այս պահին կարող են առնվազն քվեարկությունը հետաձգել: Նա ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կառավարության առաջարկները հաշվի կառնեն ու կքննարկեն: Նախագծում պետք է ներառվեն նաեւ ՍԴ դատավորների համար առանձին լուծման հնարավորությունը:

Սերգեյ Բագրատյանն ասաց, որ ՍԴ-ն «սուրբ կով» չի, որ ինչ ասի՝ պարտադիր լինի. «Չաշխատող մարդը 30 տարի հետո ստանալու է 500 հազար թոշակ, դատավորը իր վերջին աշխատավարձը 500 հազար է լինելու, պայմանական 75%-ը լինելու է 300 հազար դրամ, ինչո՞ւ պետք է կապեք վերջին աշխատավարձի հետ: Եթե օրենքը ժամանակավոր է՝ ուրիշ բան, բայց տնտեսությունը զարգանում է: Թոշակը պետք է կապել թոշակի հետ, ոչ թե մի ժամանակվա ստացած աշխատավարձի հետ»:

Իմքայլական Սուրեն Գրիգորյանը չհամաձայնեց Բագրատյանի հետ. «Ինչքան էլ ասենք՝ ՍԴ-ն սուրբ կով չի, բայց փաստորեն սուրբ կովի պես մի բան են որոշումները»: Նա ասաց, որ ՍԴ որոշումների հետ կարող են համամիտ չլինել, բայց դրանք կատարել պարտավոր են:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ կառավարությունը 5 ամիս ժամանակ ուներ առաջարկներ ներկայացնելու, չի արել, ինչը լավ չի: Հետո դիմելով Բագրատյանին՝ ասաց, որ թոշակը ոչ թե կապվում է աշխատավարձի հետ, այլ՝ աշխատավարձի դրույքաչափի. «Կոռուպցիան երբ դատական համակարգից մերժվեց, հիմա խնդիր կա, մարդիկ չեն ուզում դատավոր դառնան: Հիմա պետք է ստեղծվի սոցիալական երաշխիք, որ ուզենան իրենց համար ոչ հետաքրքիր աշխատավարձով գան աշխատեն: Լավ իրավաբանները զերծ չպետք է մնան դատական համակարգ գնալուց ու այս գործիքով պետք է խթանվի»:

Իմքայլական Սերգեյ Ատոմյանը համաձայնեց, 400-500 հազար դրամ աշխատավարձով դատավոր չեն ուզում գալ աշխատել, որովհետեւ ծանր հոգեվիճակում են լինում, ճակատագրերի հետ գործ ունեն, ուստի պետք է ամեն կերպ խրախուսել, որ որակյալ իրավաբանը գա աշխատի:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Դատավորները, թող ախորժակները այդքան շատ չմեծացնեն: Որպես քաղաքացի մտածեն, նաև, իրենցից ոչ պակաս ազնիվ և արժեքներ կերտող այն քաղաքացիների մասին, որոնք իրենցից բազմակի անգամ ցածր աշխատավարձ և թոշակ են ստանում …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728