Պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացած անձանց կարիքները գնահատելու համար ստեղծվել է նեղ մասնագետներից բաղկացած բազմամասնագիտական թիմ, որը շրջայցեր է կատարում հանրապետության բնակավայրերով: Այսօր այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը: Խմբի կողմից անձի կարիքները գնահատելուց հետո միայն որոշվում է՝ ի՛նչ է անհրաժեշտ հաշմանդամություն ունեցող անձին, ո՛ր խումբ պետք է տրամադրվի եւ այլն:
Աջակցող միջոցները՝ պրոթեզները, օրթեզները, սայլակները նախարարությունը տրամադրում է անվճար՝ հավաստագրերի հիման վրա: Բազմամասնագիտական թիմն, ըստ տիկին Ստեփանյանի, գնահատում է նաեւ տեղանքը, միջավայրը, որպեսզի աջակցող միջոցը տրամադրվի ըստ կարիքի: Նրա խոսքով, օրինակ՝ խիստ տարբերվում է գյուղական բնակավայրում պրոթեզի կարիք ունեցող մարդու կարիքը քաղաքային բնակավայրում ապրող մարդու կարիքից:
Տաթեւիկ Ստեփանյանի խոսքով, գնահատման թերթիկներում վեր հանած խնդիրները փոխանցվում են մյուս ստորաբաժանումներին եւ անհրաժեշտության դեպքում միջավայրը հարմարեցվում է հաշմանդամություն ունեցող անձին: Այդ գործընթացին մասնակցում են նախարարության գործընկեր կազմակերպությունները, դոնորները:
Փոխնախարարն ասաց, որ պատրաստի պրոթեզներ չեն ներմուծվում, ներմուծում են մասերը, որպեսզի անձի կարիքներով պայմանավորված, դրանք հարմարեցեն:
Կարդացեք նաև
«Կարիքի գնահատումը հենց այդ նպատակով է, որպեսզի կարողանանք մարդու ճիշտ ներառվելու հնարավորությունն ապահովենք»,-ասաց Տաթեւիկ Ստեփանյանը՝ նշելով, որ առհասարակ պրոթեզի տրամադրման մեխանիզմը ճկուն է. «Եթե մարդն ուզում է ավելի լավ պրոթեզ ունենալ, պետության տրամադրած հավաստագրին հնարավոր է լրավճար անել, բայց պատերազմի զինհաշմանդամ անձանց տրամադրում են այն պրոթեզները, որոնք համապատասխանում են նրանց կարիքներին: Այսինքն՝ այն ինչ անհրաժեշտ է նրանց կենսագործունեության համար»:
Բազմամասնագիտական խումբը նաեւ Արցախում է կատարել կարիքների գնահատում:
Փոխնախարարն ասաց, որ կարիքները գնահատելուց հետո հաշմանդամություն ունեցող անձին նախնական փուլում տրամադրվում է առաջնային պրոթեզ, որպեսզի մարդը կարողանա հարմարվել հիմնական պրոթեզին:
Նրա տվյալներով, այս գործընթացի շրջանակում հաշմանդամության առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173, երրորդ խումբ՝ 335 շահառու:
150 անձի հաշմանդամություն չի սահմանվել: Տիկին Ստեփանյանի խոսքով, առաջին օղակից ուղեգրումը բժշկասոցիալական փորձաքննության օղակ, դեռեւս հիմք չէ, որ անձը պարտադիր ստանալու է հաշմանդամության կարգ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ