«Ես տեսել եմ արյուն, բայց դա ուժ կիրառելու արդյունքում էր, թե անհաջող «գրկախառնության», չեմ կարող ասել։ Ես գիտեմ, որ ոստիկանապետը հանձնարարել է այդ դրվագները ծառայողական քննության ենթարկել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երեկվա ցույցերի ժամանակ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախումներին՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ցուցարարների եւ ոստիկանների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ ոտնձգություններին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ վատ է գնահատում իրավիճակը, ապա հարց տվեց․ «Իսկ դուք ինչպե՞ս եք գնահատում, երբ լրագրողներն իրենց թույլ են տալիս հարձակման ենթարկել նախարարներին․․․մասնագիտական խնդիրները լուծելու համար մեկ-մեկ այնպես են մոտենում, որ նախարարները չեն կարողանում շարժվել»։
Նկատառմանն ի պատասխան, որ լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների դեպքերը համեմատելի չեն իր նկարագրածի հետ, Քոչարյանն ասաց, որ կատակ էր անում։
Ապա նաեւ դատապարտեց ցուցարարների կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Խուլյանի եւ օպերատոր Կարեն Չիլինգարյանի հանդեպ երեկվա բռնությունները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ