Լրահոս
Օրվա լրահոսը

Ռևազյանը հաստատում է, որ բնակվել է աշխատավայրում՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմ էր. «Իրավունք»

Փետրվար 24,2021 11:44

«Դեռևս երկու շաբաթ առաջ գրավոր հարցում էինք ուղարկել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ պարզաբանումներ խնդրե­լով շրջանառվող աղմկահարույց լուրերի հետ կապված: «Հարգելի տիկին Ռևազյան, մամուլում անդրադարձ եղավ մասնավորապես հետևյալ բովանդակու­թյամբ. «Քաղավիացիայի կոմիտեի նա­խագահը՝ ընտանյոք հանդերձ, բնակվում է հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկու­թյուններով՝  ամուսինը շրջում էր քաղավի­ացիայի վարչական տարածքում, ելու­մուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ»:

Որքանո՞վ է վերը նշվածը համապա­տասխանում իրականությանը, եթե այդ­պես է, ապա խնդրում ենք մանրամասնել:

Ինչո՞ւ պատերազմի ժամանակ մեր ավիացիան չկարողացավ հավուր պատ­շաճի աշխատել:

Դո՞ւրս է եկել արդյոք ՀՀ-ն Եվրոպա­յի ավիացիոն «սև ցուցակից»:

2020 թվականի հունվարից հայտա­րարվել էր, որ «Ryanair» ավիաընկերու­թյունը Երևանից Եվրոպա թռիչքներ կիրականացնի սկսած 35 եվրոյից:

Նշելով, որ սա Հայաստանի առաջին բյուջետային ավիաընկերությունն է, ինչը տուրիզմի ոլորտում կարևոր փոփոխու­թյուն է: Խնդրում ենք պարզաբանել, որ­տե՞ղ է տվյալ ավիաընկերությունը այսօր: Եվ ինչո՞վ է օգնել ՀՀ-ին պատերազմի ժա­մանակ»:

Միայն երկու շաբաթ անց օրենքի խախտումով մեզ բարեհաճել է պա­տասխանել անձամբ տիկին Ռևազյանը.

– 2021 թվականի փետրվարի 11-ի Ձեր գրության կապակցությամբ տեղեկացնում ենք հետևյալը.

1-ին հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2020 թվակա­նի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հան­րապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի սեպ­տեմբերի 27-ից հայտարարվել է ռազմա­կան դրություն:

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետով Քաղա­քացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ Կոմիտե) իրեն վերապահված լիազո­րություններն իրականացրել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: Ցանկանում ենք տեղեկացնել, որ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Կոմի­տեում սահմանված էր շուրջօրյա աշխա­տանքային ռեժիմ, ինչը ենթադրում էր մի շարք աշխատողների քսանչորսժամյա ներկայություն Կոմիտեում: Կոմիտեի աշ­խատանքային գործընթացը համակարգ­վել և կազմակերպվել է Կոմիտեի նախա­գահ Տաթևիկ Ռևազյանի անմիջական հսկողությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի նախագահը ռազմական դրու­թյան ժամանակ գրեթե միշտ գտնվել է աշ­խատավայրում, օպերատիվ որոշումների կայացման անհրաժեշտությունից ելնե­լով, ինչպես նաև այն, որ նրա նորածին երեխային անհրաժեշտ էր մայրական խնամք, ինչը սահմանված է նաև ՀՀ աշ­խատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, վերջինիս հա­րազատները նրան աջակցելու նպատա­կով երբեմն այցելել են Կոմիտեի վարչա­կան շենք:

Կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց մուտքը վերահսկելի գոտիներ իրականացվել է բացառապես Կոմիտեի նախագահի գիտությամբ և թույլտվու­թյամբ ավիացիոն անվտանգության պա­հանջների համաձայն:

Այսպիսով, Ռևազյանը հաստատում է, որ բնակվել է աշխատավայրում: Բա­ցատրությունը, իհարկե, ծիծաղ է առա­ջացնում «ռազմական դրություն էր»: Այդ դեպքում նա դեռ աշխատավայրո՞ւմ է բնակվում, երեխան էլ հե՞տը:

Բայց, շատ ավելի լուրջ է պնդումը, թե սույն Կոմիտեն պատերազմի ժամանակ ինչ-որ դեր է ունեցել: Հայաստան եկել են հատուկենտ ռեյսեր ու հիմնականը ռազ­մական ուղղվածության, որի հետ քաղավիացիան որևէ կապ չունի: Այսինքն, թե «աշխատում էին իրենց չխնայելով», իսկ Կոմիտեի պետն էլ անգամ նորածին երե­խային էր թողել ու գիշեր-ցերեկ աշխատատեղից չէր շարժվում, պարզապես ծաղր է այդ նույն պահին հայրենիքի հա­մար կյանքը ռազմաճակատում չխնայող­ների հասցեին: Ավելի լավ կլիներ պարզա­պես ասեր օդանավակայանում կա ռմբա­պաստարան, և ինքն էլ ընտանյոք հան­դերձ մնում էր աշխատավայրում, որ այն­տեղ պատսպարվի:

Ինչ վերաբերում է «սև ցուցակներին, ապա մինչ մեր Քաղավիացիայի վարչու­թյունը «համագործակցում է միջազգային տարբեր ավիացիոն կառույցների հետ», պարզվեց, որ հայկական գրանցումով ինքնաթիռները կարող են օդում «անհե­տանալ», ու այդ մասին մեր չինովնիկները միայն դրսերից են տեղեկանում:

Նյութն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728