Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր գործողությունները հանգեցնելու են մի իրավիճակի, որը մեխանիկորեն կբերի իշխանափոխությունը. Արտակ Ավետիսյան. «Հրապարակ»

Փետրվար 24,2021 11:21

Թեեւ Հայրենիքի փրկության շարժումը վերսկսել է փողոցային պայքարը, երթեր, անհնազանդության ակցիաներ է անում, սակայն հանրության լայն շրջանակներից դժգոհության կոչեր են հնչում, թե ինչու չեն անցնում կտրուկ գործողությունների։ Կլինե՞ն արդյոք նոր սցենարներ, նոր գործիքակազմ կկիրառվի՞․ այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք «Հայրենիք» կուսակցության անդամ, շարժման կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանի հետ։

-Երեք ամիս է՝ տեսնում եք, որ իշխանությունը չի վախենում ձեր սահմանադրական ճանապարհներից, չի հեռանում, իսկ մեր պետությունը, ինչպես Դուք ասացիք, ժամ առ ժամ գահավիժում է։ Եթե սրան գումարենք, որ ինչ-որ փուլից մարդիկ կհիասթափվեն այս երկարատեւ պայքարից, ապա կարելի է ձեր սահմանադրական պայքարը ծափահարել։

– Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ձեր ասածը իշխանական  քարոզչամեքենայի ցանկությունն է, որ այսպես ոչնչի չեք հասնի։ Իրականությունն այլ է։ Այսօր շատերն ընդունում են, որ Նիկոլը պիտի հեռացվի, բայց չպիտի ես կամ դուք գանք իշխանության, յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի այդ հետո-ի վերաբերյալ։ 17-ի ներսում կոնսենսուս եղավ Վազգեն Մանուկյանի անձի շուրջ, որովհետեւ քաղաքական էլիտան կարողացավ ճիշտ դիրքավորվել եւ ճիշտ լուծման գալ, ժողովուրդը քաղաքական էլիտա չէ, որ ունենա բավարար ինֆորմացիա, գնահատման ադեկվատ միջոցներ, որպեսզի հասկանա այս քայլի իմաստը։

– Դրա համար կաք դուք՝ ընդդիմադիրներդ։

– Դրա համար մենք ամեն օր փորձում ենք մարդկանց համակարգային լուծման փաթեթը ներկայացնել, մենք չենք ուզում լուծել մի խնդիր՝ լուսանցքում թողնելով մյուսը։ Նույն՝ ամբոխավարական ճանապարհով պարզապես Վազգեն Մանուկյանին բերել իշխանության, բայց հետո այդ մարդիկ հարց են տալու՝ բա հետո՞, ասացիք՝ գնանք ջարդենք, եկանք, բա ինչո՞ւ լավ չենք ապրում։ Հետո սկսում ես բացատրել, որ այս-այս խնդիրները կան, ու մարդիկ դժգոհում են՝ բա ինչո՞ւ չասացիք։

– Ձեր ընդդիմադիր գործընկերներն ասում են, որ պայքարում են հայրենիքի փրկության համար, ոչ թե իշխանության կամ «լավ ապրելու»։

– Հայրենիքը մենք կփրկենք, ես ձեզ պատասխանատու խոստանում եմ, որովհետեւ այլ տարբերակ չկա, այլապես դրանից հետո անիմաստ է դառնալու ամեն ինչ, եթե չկարողանանք սրա դեմն առնել։

– Ինչպե՞ս, ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում։

– Հենց այս պահին էլ անհնազանդության ակցիա է կառավարության մասնաշենքի մոտ, ինքը գալիս էր այստեղ, մենք հավաքվել ենք եւ փորձում ենք խոչընդոտել։ Ո՛չ ինքը, ո՛չ իր թիմակիցները խաղաղ օր չեն ունենալու։ Առաջիկայում գործողություններ կսկսվեն մարզերում, պարբերաբար մեծ հանրահավաքներ կլինեն՝ կախված փուլային հասունացումներից։ Ես վստահեցնում եմ, որ մեծ հավաքներից մեկը կդառնա իշխանափոխական հանրահավաք, մեր գործողությունները հանգեցնելու են մի իրավիճակի, որը մեխանիկորեն կբերի այդ իշխանափոխությունը։

– Վստահ եք ասում։

– Ես չէի ուզենա, որ  իմ ասածը ձեր կողմից զուտ իմ ցանկություն ընկալվեր, բայց մեր գործողությունները հանգեցնելու են դրան, եւ իրականում այնպես չէ, որ չենք շտապում, պարզապես ցանկացած պտուղ իր հասունության ժամկետն ունի։ Մուկը մի քանի շաբաթում է ձագ ունենում, փիղը՝ տարիուկես, հուսամ, որ մեր մուկը չի երկնի, փիղ ծնի, այլ կլինի հակառակը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728