Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի որոշ աշակերտների ծնողներն իրենց երեխաների գործերը վերցրել են դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխելու համար: Դպրոցի ուսուցիչներն էլ շարունակելու են գործադուլը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը՝ հեռացող աշակերտների հստակ թիվ չնշելով:
Հիշեցնենք, փետրվարի 18-ին դպրոցի մի խումբ աշակերտների ծնողներ հավաքվել էին դպրոցի դահլիճում: Նրանք եկել էին երեխաների գործերը վերցնելու և տեղափոխելու մեկ այլ դպրոց, քանի որ, ինչպես իրենք էին պնդում, նորանշանակ տնօրենը չի կարողանում վերականգնել խաթարված դասապրոցեսը: Մեզ հետ զրույցում ծնողները նշել էին, որ երեխաներին տեղափոխելու համար դիմումներ են գրել շուրջ 200 ծնողներ և ներկայացրել տնօրենին: Քարմիլե Առաքելյանը, սակայն, նրանց խնդրել էր դեռ երեխաներին չտեղափոխել և համբերել ևս երեք օր՝ խոստանալով այդ ընթացքում գտնել խնդրի լուծումը:
Բայց տնօրենին երեք օր հետո էլ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ուսուցիչների և ծնողների հետ:
Նորանշանակ տնօրենի խոսքով՝ դպրոցի անձնակազմը իր դեմ խոչընդոտներ է ստեղծում, ինքն էլ միայնակ անզոր է կարգավորելու ստեղծված իրավիճակը: Դպրոցի աշակերտների որոշ մասի ծնողների՝ երեխաներին դպրոցից հեռացնելու մասին էլ տնօրենն ասում է՝ այդ քայլը ուղղված չէ իր դեմ, իսկ փետրվարի 18-ին ստացված դիմումներն էլ ծնողները հետ են վերցրել:
Կարդացեք նաև
Ինչպես փոխանցում է տնօրենը, ուսուցիչները շարունակելու են անժամկետ գործադուլը, նրանց միակ պահանջն է, որ խնդրի լուծում տրվի ԿԳՄՍ նախարարության կողմից:
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: