Լրահոս
Օրվա լրահոսը

Կուզենամ փարատել տարբեր մակարդակի գործիչների այն պնդումները, թե փող չկա, թոշակ չեն տալու և այլն. որևէ նման մտայնություն չկա. Արտակ Մանուկյան. «Ժամանակ»

Փետրվար 24,2021 10:19

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Նախորդ տարի լուրեր էին շրջանառվում, որ եկամտահարկով բնակարան գնելու ծրագիրը կարող է դադարեցվել։ Կա՞ն նման քննարկումներ։

– Կարող եմ ասել, որ գլոբալ առումով ես, ինչպես նաև շատ մասնագետներ կան, որոնք հիմնավոր կերպով քննադատում են այդ համակարգը, և այստեղ խնդիրը չի վերաբերում այդ համակարգի շարունակականությունն ապահովելուն կամ ոչ։ Հիմա ունենք գործող համակարգ, և իմ մոտեցումն այն է, որ այդ համակարգը, այդուհանդերձ, չի ծառայեցվի իր գլխավոր նպատակին։ Եվ եթե դուք ուսումնասիրեք, կնկատեք՝ երբ համակարգը ներդրվում էր, դա ներկայացվում էր որպես սոցիալական բնակարանաշինությանը միտված ծրագիր, բայց, այդուհանդերձ, հիմնականում այդ գործիքակազմից միջին և միջինից բարձր խավն է օգտվում։ Իմ՝ որպես տնտեսագետի, դիրքորոշումը հետևյալն է. ես կարծում եմ, որ առկա խաղի կանոնները պետք է էականորեն վերանայվեն: Ինչպես հիշում եք, պարոն Ջանջուղազյանը խոսում էր, որ կենտրոնի  վրա հնարավոր է՝ չտարածվի, բայց որևէ նախագիծ այդ մասին չկա, պարզապես իմ և պարոն Թունյանի համահեղինակած նախագիծն ավելի շատ վերաբերում է անցյալին և անցյալի այն դեպքերին, երբ կառուցապատման իրավունքի մասով հնարավոր է, որ ՊԵԿ-ը որոշ քաղաքացիների մերժել է, այս դեպքում հնարավորություն է տրվում, որ այդ քաղաքացիների, մեր դիտարկմամբ, խախտված իրավունքները վերականգնվեն։

Կառավարությունը քննարկում է կրճատել պետական ծախսերը։ Ազգային ժողովը 2020 թվականի 5,6 մլրդ դրամից 1,3 մլրդ-ը վերադարձրել է պետական բյուջե: Որքանո՞վ բոլոր գերատեսչությունները նաև կարող են կրճատել իրենց ծախսերը։

– Շնորհակալ եմ, որ մատնանշեցիք, որ ԱԺ-ում ինչպես աշխատավարձերի, այնպես էլ մնացած ուղղություններով բավականաչափ լուրջ խնայողություններ կան, որոնք վերադարձվել են պետական բյուջե։ Կարծում եմ՝ 2021-ն այն տարին է, որ մենք պետք է փորձենք որոշակիորեն բոլորով գոտիները ձգենք և, ինչու չէ, այդ ծախսերի մեծ բաժինը ուղղենք ապագայամետ ծրագրերին, պաշտպանունակության բարձրացմանը և այլն։ Այս համատեքստում էլ ավելի եմ կարևորում, որպեսզի նույն հարկային արտոնությունները, որոնք տրամադրված են, էականորեն վերաիմաստավորվեն և ավելի հասցեական լինեն, իսկ, ինչպես գիտեք, արդեն  ծրագրային բյուջետավորման համատեքստում կստանանք նաև այդ հնարավոր փոփոխված տարբերակները, կլինեն բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում, կփորձենք այդ մասերը հնարավորինս լայն մեր վերահսկողական գործիքներով պարզաբանել հանրության համար։ Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ ծախսերի տրամաբանությունը և կառուցվածքը, կարծում եմ, որոշակի շտկումների կենթարկվեն, բայց միևնույն ժամանակ կուզենամ փարատել տարբեր մակարդակի գործիչների այն պնդումները, թե փող չկա, թոշակ չեն տալու և այլն։ Որևէ նման մտայնություն չկա։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728