«Ամերիկայի ձայն». Ղարաբաղյան վերջին պատերազմը զգալիորեն փոխել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը: Այս նոր իրականությանն էր նվիրված վերլուծաբաններ Նիգար Գոքսելի, Սերգեյ Մարկեդոնովի և Էլդար Մամեդովի մասնակցությամբ տեղի ունեցած Կովկասյան հրապարակման կազմակերպած քննարկումը
Այսօր Հարավային Կովկասի նոր զարգացումներում հատկապես առանցքային են երկու խոշոր տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, որոնք վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը որակում է որպես մի կողմից մրցակցային, մյուս` համագործակցային. մի ոլորտում առկա տարաձայնությունները հաճախ հավասարակշվում են մեկ այլ ասպարեզում կողմերի միջև համագործակցությամբ: Վերլուծաբանը քիչ հավանական է համարում Մոսկվայի ու Անկարայի միջև ուղիղ բախման հնարավորությունը, քանի որ ըստ նրա, կողմերը կարողանում են հարթեցնել տարաձայնությունները:
Թուրքիայի պարագայում, ըստ Մարկեդոնովի, Ռուսաստանը կանգնած է երկընտրանքի առջև: Մի կողմից Մոսկվան դիտարկում է Անկարային որպես խնդրահարույց գործընկեր արևմտյան, մասնավորապես ՆԱՏՕ-ի ճամբարում, որի գործողությունները միշտ չէ, որ համընկնում են ԱՄՆ-ի շահերի հետ, մյուս կողմից Թուրքիայի վարքագիծն անպայման չէ, որ ունենում է ռուսամետ կողմնորոշում ու` բխում Մոսկվայի շահերից: Թուրքիայի ու ՌԴ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Կովկասով, շեշտում է վերլուծաբանը: Դրանք ընդգրկում են այլ տարածաշրջաններ ու հարցեր, ներառյալ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, Ուկրաինան, Ղրիմը: Մոսկվան նախընտրում է սելեկտիվ համագործակցություն ունենալ Անկարայի հետ, որն, ըստ Մարկեդոնովի, ամփոփված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած կարծիքում, ըստ որի՝ Մոսկվան և Անկարան դաշնակիցներ չեն, սակայն ունեն սելեկտիվ համագործակցության եզրեր:
Մարկեդոնովը շեշտում է՝ ԼՂ հակամարտության վերջին լարվածության ժամանակ ողջ գլոբալ մամուլն ու հանրությունը տարակուսում էր, թե որտեղ է արդյոք, Ռուսաստանը: Նրա պնդմամբ, այս հակամարտությունը ցույց տվեց, որ Մոսկվան չունի մեկ միասնական մոտեցում բոլոր հակամարտությունների հարցում: Եթե Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում Ռուսաստանը նախընտրեց աջակցել վերջիններիս, ապա ԼՂ- ում այն որոշեց պահպանել հավասարակշռությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև` ի տարբերություն Թուրքիայի: Մարկեդոնովը, սակայն, ընդգծեց նաև, որ Ռուսաստանի նման քաղաքականությունը ոչ միանշանակ արձագանք ստացավ Հայաստանում, որտեղ հանրության մի հատվածը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին՝ ադրբեջանական բանակի կողմից Ստեփանակերտի գրավումը կանխելու համար, իսկ մյուսը քննադատեց Մոսկվայի համեմատաբար պասիվ դերն ու ուշացած ներգրավվածությունը: Քննարկումը վարող վերլուծաբան Ասպետ Քոթչիկյանը նման պասիվությունը համարում է ռազմավարության մի մաս՝ շեշտելով, որ ի տարբերություն մնացած հետխորհրդային հակամարտությունների՝ Լեռնային Ղարաբաղը միակն էր, որտեղ Ռուսաստանը մինչև 2020 թվականը չուներ ռազմական ներկայություն: Պատերազմի արդյունքում իրավիճակը փոխվեց, և այստեղ հաստատվեց ռուսական խաղաղապահ առաքելություն:
Կարդացեք նաև
Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի ծրագրի տնօրեն Նիգար Գոքսելի կարծիքով Թուրքիան այս տարածաշրջանում հաշվի է առնում Ռուսաստանի ազդեցության գործոնը: Նա հակված չէ կարծելու, որ թուրքական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում ուներ գաղափարական կամ էթնիկական հիմքեր: Ըստ նրա՝ Անկարան առաջնորդվում էր սեփական շահերով. այն երկար ժամանակ է հետաքրքրված է Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստան, Ադրբեջան և Կենտրոնական Ասիա տրանսպորտային ուղիների վերաբացմամբ: Էրդողանի կառավարության նախորդ տարիներին որդեգրած «զրո խնդիրներ հարևանների, այդ թվում Հայաստանի հետ», քաղաքականությունը ձախողվել էր, ուստի Թուրքիան որոշեց, որ առանց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանների վերադարձի անհնար է վերաբացել ճանապարհները: Բացի դրանից, ըստ նրա, Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելով՝ Էրդողանը հետապնդում էր ներքաղաքական նպատակներ, ինչպես նաև իր դաշնակիցներին ցուցադրում Թուրքիայի հետ համագործակցության օգտակարության մակարդակը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում Գոքսելը ենթադրում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը պայմանավորված է եղել Ադրբեջանի հանդեպ Անկարայի պարտավորությամբ, սակայն այժմ, երբ յոթ շրջանների հարցն այլևս օրակարգում չէ, Անկարան կարող է հետաքրքրված լինել համագործակցությամբ՝ հաշվի առնելով, սակայն, իրավիճակի փխրունությունը, կարգավորման դանդաղ ընթացքն ու հանրային կարծիքները:
Վերլուծաբան Էլդար Մամեդովն էլ խոսեց տարածաշրջանում Իրանի դերի մասին՝ ընդգծելով, որ մինչև վերջին պատերազմը ստատուս-քվոն շահավետ էր Իրանի համար. Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների հայկական վերահսկողությունը Բաքվին կախվածության մեջ էր պահում Թեհրանից Նախիջևանի և Թուրքիայի հետ ցամաքային կապի առումով: Վերլուծաբանի պնդմամբ՝ Իրանը չի հավակնում Հարավային Կովկասում գերիշխող դերակատարության, սակայն անհանգստացած է իր նվազող ազդեցությամբ և տարածաշրջանում այլ դերակատարների, մասնավորապես՝ Թուրքիայի և Իսրայելի ակտիվությամբ: Հետագա լարվածության պարագայում Մամեդովն ակնկալում է, որ Իրանը կորդեգրի ավելի հստակ քաղաքականություն` ի աջակցություն Հայաստանի` Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու համար: Իրանը հետաքրքրված է իր հյուսիսային սահմանների անվտանգությամբ, երկրի հյուսիսում ադրբեջանական ազգայնականության, ինչպես նաև Իսրայելի ու Թուրքիայի գործոնների, հատկապես տարածաշրջան տեղափոխված սուննի ջիհադիստների գործոնի չեզոքացմամբ, որոնց Թեհրանը դիտարկում է որպես սպառնալիք:
ԵՄ և ԱՄՆ-ի դերակատարությունը Հարավային Կովկասում վերջին տարիներին նվազել է, գտնում են վերլուծաբանները: Դրա հետ մեկտեղ, սակայն, տարածաշրջանային տերությունները իրենց քաղաքականությունը մշակելիս Արևմուտքը դիտարկել են որպես առանցքային գործոն:
Ըստ Էլդար Մամեդովի՝ Իրանը ողջունել է իր հյուսիսային սահմաններին արեւմտյան տերությունների ազդեցության նվազման գործոնը՝ միաժամանակ, սակայն, մտավախություն ունենալով, որ առաջացած վակումը կարող է լրացվել իր տարածաշրջանային մրցակիցների կողմից ՝ ի հաշիվ Իրանի շահերի: Ըստ վերլուծաբանի, Թեհրանին մտահոգում է Անկարայի՝ տարածաշրջանում աճող դերակատարությունը:
Իր հերթին Գոքսելի կարծիքով Հարավային Կովկասում Թուրքիայի վերջին շրջանի ակտիվ քաղաքականության հիմքում է ոչ թե Ռուսաստանին մարտահրավեր նետելը, այլ տարածաշրջանում արևմտյան տերությունների նահանջի արդյունքում առաջացած վակուումի լրացումը: Երկարաժամկետում, սակայն, Գոքսելը ենթադրում է Անկարայի ու արևմուտքի հարաբերությունների բարելավում:
Սերգեյ Մարկեդոնովն էլ ԼՂ հակամարտությունը դիտարկում է որպես ավելի շատ համագործակցային, քան մրցակցային հարթակ Արևմուտքի և Մոսկվայի միջև. եթե 2008 թ-ի օգոստոսյան պատերազմը Ռուսաստանում ընկալվել է որպես ՆԱՏՕ-ի՝ դեպի Հարավային Կովկաս ընդլայնման փորձի կանխարգելում, ապա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանը չի բախվել նման աշխարհաքաղաքական իրականությանը: Այստեղ երկար տարիներ Մոսկվան համագործակցել է արևմտյան տերությունների հետ և կրկին կարող է համագործակցել՝ կայուն խաղաղությանը հասնելու համար, շեշտում է Մարկեդոնովը:
Քննարկումը վարող վերլուծաբան Ասբեդ Քոթչիկյանի կարծիքով էլ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կփորձի վերականգնել կորսված դիրքերը տարածաշրջանում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության վերագործարկմամբ, սակայն նա շեշտում է, որ այս տարածաշրջանը առաջնահերթություն չի հանդիսանում Վաշինգտոնի համար, որը կխուսափի մոտ ապագայում շատ միջոցներ ներդնել՝ Հարավային Կովկասում խոշոր դերակատար դառնալու համար:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ