Լրահոս
Օրվա լրահոսը

Գործելակերպը նույնն է, վերաբերմունքը՝ տարբեր

Փետրվար 24,2021 10:00

Ինչպես եւ անցած տասնամյակների ընթացքում, այսօրվա՝ «հետհեղափոխական» ոստիկանությունը շարունակում է ընդդիմադիր ցուցարարներին բերման ենթարկել ու քիթ-մռութ ջարդել, ԱԱԾ-ն եւ մնացած ուժայինները շարունակում են ընդդիմադիրների վրա «գործեր կարել»՝ ընդ որում, մեղադրանքները գնալով դառնում են ավելի ու ավելի անհեթեթ, «ֆեյքային»:

Ինչպես եւ անցած տասնամյակներում, ամեն ինչ այս պետության մեջ կախված է մեկ մարդու քմահաճույքից՝ ում վրա թագավորը «քսի կտա» իր քննիչներին ու քարոզիչներին, նա էլ կդառնա հետապնդման թիրախ: Առաջ իրավապաշտպանները եւ այլ հ/կ-ները դրա դեմ արդարացիորեն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, հիմա չեն նկատում (հատուկենտ բացառություններ գուցե կան): Կամ գուցե նկատում են, բայց գրանտատուները նրանց ասում են՝ «ձայն մի հանեք»:

Ավտորիտար ղեկավարման դրսեւորումները, որոնցից ամենացայտունը ընդդիմախոսների վրա «գործեր սարքելն» է, ինձ երբեք դուր չի եկել: Կարծում եմ, «Առավոտի» մշտական ընթերցողները կհիշեն, թե ինչպիսին էր մեր դիրքորոշումը, երբ դատում էին Աշոտ Բլեյանին՝ «տանիքի գործով», երբ տասնյակներով բերման էին ենթարկվում Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները, երբ Ալեքսանդր Արզումանյանին «կպցրել էին» փողերի լվացման հոդվածը: Բազմիցս արտահայտվել եմ նաեւ ՀԱԿ անդամներին եւ համակիրներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, անհիմն հետապնդելու դեմ:

Այստեղ կարեւոր չեն անձնական կամ քաղաքական համակրանք-հակակրանքները՝ կարեւոր են սկզբունքները, որոնք «փոփոխական են» ոչ միայն քաղաքական, այլեւ, ինչպես տեսնում եք, նաեւ հասարակական գործիչների մոտ:

Ավելին ասեմ, կասկած չունեմ, որ հաջորդ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները Փաշինյանին «կպցնելու են» պետական դավաճանության հոդվածը (հավանաբար, հենց ա՛յդ պատճառով է, որ նա իր աթոռին մնալու համար ավելի մեծ ճիգեր է գործադրում, քան իր երեք նախորդները): Պետական մակարդակով քարոզվելու է այն թեզը, որ ներկայիս վարչապետը նախօրոք է պայմանավորվել Ալիեւի եւ միջազգային «մութ ուժերի» հետ՝ Արցախը հանձնելու մասին: Մենք թեւակոխելու ենք  Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի դեմ դատավարությունների երկարուձիգ, հոգեմաշ ժամանակաշրջան: Կլինեն նաեւ այլ գործեր, այդ թվում (մի զարմացեք) կոռուպցիոն: Բայց վստահ եմ, որ պետական դավաճանության մեղադրանքները շինծու են. անգրագետ, ապաշնորհ, ոչ կոմպետենտ ղեկավարությունը, որի պատճառով պատերազմի ընթացքում (եւ ոչ միայն այդ ժամանակ) «բարդակ» եւ քաոս է առաջացել, դավաճանության հետ կապ չունի:

Հենց այսօրվանից հավաստիացնում եմ՝ իշխանափոխությունից հետո պաշտպանելու եմ Փաշինյանին եւ «իմքայլականներին»՝ անհիմն քրեական մեղադրանքներից: Եթե, իհարկե, այդ իշխանափոխությունը տեղի ունենա իմ կյանքի օրոք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ԵԹԷ, դատական գործընթացով, այժմու վարչակարգի անդամների դէմ մեղադրանքներ պիտի ներկայացուին ապագային, նախընտրելի է որ մարդ, նախ՝ ուսումնասիրէ փաստերը, որոշելէ առաջ թէ ինչ դիրք պիտի բռնէ այդ ուղղութեամբ:

    Դաւաճանութեան կապակցութեամբ, այժմու կացութեան մէջ, չկան բաւարար փաստեր:

    Սակայն անմեղութեան կանխավարկածը չի նշանակում անմեղութեան դատավճիռ:

    Հետեւաբար, հապճեպ, կանխահաս եւ կամայական դիրքորոշում մըն է՝ այս պահին արդէն հաստատելը թէ, ոչ միայն Փաշինյանը այլ բոլոր «իմքայլականները», որեւէ իսկական, քրէական յանցանք չեն գործած:

    Իսկ նոյնիսկ եթէ մէդկի դրուի «դաւաճանութեան» հարցն ու հարցականը, երբ որ «անգրագետ, ապաշնորհ, ոչ կոմպետենտ ղեկավարությունը»՝ այս տարողութեամբ վնասների եւ կորուստների պատճառ կը հանդիսանայ, դրա միմիակ հետեւանքը՝ քաղաքական դաշտէն դուրս գա՞լն է…

    Տեղի ունեցած Աղէտի առնչութեամբ՝ քրէական պատասխանատւութիւնը չի սահմանափակուիր միայն դաւաճանութեան մեղադրանքով: Օրինակի համար, օրինական ընդհանուր սկզբունքների մէջ, գոյութիւն ունի՝ «քրէական անփութութիւն» կոչուող յանցանքը: Որու ծանրութիւնը կը չափուի դրա արտադրած վնասների համեմատ…

    Նաեւ, քրէականից անկախ, քաղաքացիական հետապնդումներ ալ հնարաւոր են այս պարագային: Յատկապէս նահատակների իրաւայաջորդներին, վիրաւորների, եւ ունեզրկուած անձերի կողմէ: Եւ այդ օրինական գործընթացների հիմունքները շատ լուրջ են, այս նիւթին մէջ: Նոյն գետնի վրայ, Պետութիւնն ալ – կամ նոյնիսկ որոշ ազգային հաւաքականութիւններ – կարող են վնասուց հատուցման դիմումներ ներկայացնել՝ արտակարգ սխալներ գործած կամ մեծագոյն թերացումներ ունեցած այլազան պաշտօնեաների դէմ:

    Եւ արդարեւ, անցած երեք ու կէս ամիսների ընթացքին վարչակարգի անդամների կեցուածքն ու վարքագիծը վատթարացնում է նրանց կացութիւնը, օրինական գետնի վրայ:

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. Լաւապէս հասկացայ որ Խմբագրին ըսածը կը վերաբերի միմիայն, բառին տառացի իմաստով՝ դաւաճանութեան մեղադրանքին: Բայց այդ մէկը իսկ, ինչպէ՞ս կարող ենք այս պահին ասել թէ՝ վստա՛հաբար այդպիսի բան չկայ: Մինչ խօսքը միայն Փաշինյանին մասին չէ, այլ, լայն բանաձեւումով՝ իր ընդհանուր «շրջապատին» եւ բոլոր «իմքայլականներին»…

  3. henri says:

    Պայծառատեսութեան գլուխ-գործոց ։
    Անլուծանելի շրջանակի մը մէջ ինկած ենք ,ինչպէս դուրս պիտի գանք ՚ Աստուած գիտէ
    Կը հաւատամ որ ի հարկին ՛՛վաղը՛՛ այս խումբն ալ պաշտպանելու պիտ՚ելլէք ՛՛որպէս զոհեր՛՛ իրենց միջավայրին և քաղաքական տհասութեան…
    Վերջին նախադասութիւնը « իշխանափոխությունը տեղի ունենա իմ կյանքի օրոք»
    շատ յոյս չի ներշնչեր ։ բայց սրտանց յաջողութիւն կը մաղթեմ ձեզի ։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/02/24/1173228/

    © 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Հ.Շ.-ի փայլուն մասնագիտական մեկնաբանությունից հետո առանձնապես ասելու բան չկա: Կարելի է համաձայնվել հարյուր տոկոսով: Իրոք՝ նիկոլչիբեյի մեղքը դեռեւս ապացուցված չէ: Իրավական առումով մենք չենք կարող այս պահին պնդել, թե նա պետական դավաճան է, բայց նմանապես սխալ է եւ այն պնդումը, թե հաստատ դավաճան չէ եւ նրա վրա «գործ է կարվելու»: Ամեն ինչ կախված է ապացուցողական փաստերի առկայությունից եւ հավաստիությունից, եւ ժամանակից շուտ ոչինչ չի կարելի հաստատապես պնդել: Մի խոսքով՝ դատական «հերձումը» միայն ցույց կտա, թե դավաճան եւ/կամ ապուշ երկսայրաբանությունը ինչպես պետք է լուծել…

    Սա հարցի զուտ իրավական կողմն է՝ իհարկե: Բայց կա նաեւ բարոյական-գաղափարախոսական (ոչ պակաս կարեւոր) կողմը, ըստ որի նիկոլչբեյը լիովին արժանի է կրելու դավաճանի խարանը, նույնիսկ եթե ապացուցվի, որ նա ալիեւից փող չի ստացել եւ նախապես նրա հետ չի պլանավորել «դավադիր պատերազմը»: Այն, ինչ նա արեց այս 3 տարում եւ դեռ շարունակում է անել, ուրիշ գնահատականի չունի: Հենց միայն Շուշին «դժբախտ ու դժգույն» անվանելը ինձ համար արդեն բավարար է դավաճանի պիտակը դրոշմելու այդ ստորագույն արարածի ճակատին…

    • Հ.Շ. says:

      Ջորդանո,

      Այս պահին, երբ որ տակաւին պատերազմին առնչութեամբ, տարրակա՛ն չափով իսկ, որեւէ լուրջ քննարկում չէ կատարուած, ամէն բան կարելի է:

      Սակայն երբ որ Փաշինյանը միմիակ թիրախն է ծայրագոյն մեղադրանքներին, իմ խնդիրս այն է որ, այժմո՛ւ վարչակարգին մէջ եւ նաեւ բանակի սպայական վերնախաւին մէջ, ամենայն հաւանականութեամբ՝ ուրիշ յանցաւոր պատասխանատուներ կան, որոնք օգտւում են այս կացութենէն:
      Ցայտուն օրինակ մը՝ նախկին պաշտպանութեան նախարարը: Հիմա ինչ… այս ամէնէն ետք, հրաժարեցաւ, եւ՝ վե՞րջ: Իսկ անցած երեք ամիսների ընթացքին, քանի՞ հոգի խօսում է իր, մինչդեռ ուղղակի՛ պատասխանատւութեան մասին:

      Հետեւաբար, այժմու կացութեան մէջ, բացառապէս Փաշինյանի դէմ կեդրոնացած ծանրագոյն դիրքորոշումները երկու հիմնական խնդիրներ կը hարուցեն իմ նման անձի մը համար՝

      ա) անիրաւութիւն կայ…
      (պահեր կան, երբ ես ալ ծայրագոյն ցաւից՝ «չարանում» եմ, բայց չեմ կարող մնայուն կերպով, բացարձակ ատելութեամբ լեցուիլ ոեւէ մէկի հանդէպ…
      մինչ այս պարագային, բարձր է հաւանականութիւնը որ Փաշինյանը պարզապէս անգիտակից գործիք մըն է, խամաճիկ մը, հրէշային «խաղի»ն մը մէջ.
      առաւել այն հիմնական իրողութիւնը որ ինք կարողացաւ հասնիլ, ուր որ հասաւ, շնորհիւ բիւրաւոր, միլիոնաւոր հայերի զօրակցութեան կամ անփութութեան – Հայաստանէն ներս եւ դուրս – . իսկ այսօր այդ հայերէն շատեր, ամենավայրագ կերպով իրեն վերագրում են ամենասոսկալի մեղքերը, որպէսզի ծածկեն իրենց ահարկու սխալն ու պատասխանատւութիւնը տեղի ունեցած Հայոց Մեծ Աղէտի նկատմամբ. սա արդար չէ)

      բ) այս ընթացքով, այժմու վարչակարգին եւ բանակին մէջ, բազմաթիւ այլ պատասխանատուների հրամցւում է փախուստի միջանցք, որպէսզի խուսափին, նուազագոյնը՝ իրենց յանցաւոր թերացումների պատժական հետեւանքներից

  5. Nimar says:

    Կան իրավապահ մարմինների աշխատանքի կորպորատիվ առանձնահատկություններ, որոնք միշտ գոյություն ունեն, անկախ քաղաքական ռեժիմի բնույթից:
    Եթե ​​նրանք կարող են աշխատել, ապա կօգտագործեն ամենափոքր պատրվակը ՝ ցանկացած իրավիճակում լիակատար վերահսկողությունը ի ցույց դնելու համար:
    Ձեր տեսանկյունից, «կեղծ գործեր» են սարքվում, բայց նրանց տեսանկյունից իրականացվում է իրավախախտումների կանխարգելում և գրանցվում են «բարձր սոցիալական ակտիվություն» ցուցաբերող բոլոր անձինք, հաստատվում է նրանց ինքնությունը, բնակության վայրը և
    կապերի շրջանակը, այս ամենը տեղադրվում է տվյալների շտեմարանում ՝ տեսանյութերի հետ միասին: Եվ այն փաստը, որ դատարանը կարող է որոշում կայացնել կալանքի անիրավաչափության մասին, ոչ մի կերպ չի խանգարում տվյալների շտեմարանի լրացմանը:
    Ընդհակառակը ՝ դա փրկում է մարդկանց մեկուսարանում պահելու անհրաժեշտությունից: Եվ եթե դատարանը այլ կերպ որոշի, վիճակագրությունը բարելավվում է ՝ հանցագործությունների բացահայտման ցուցանիշներով: Ի վերջո, նրանք նույնպես պետք է պարգեւատրումներ և կոչումներ ստանան: Դա նման է ձուկ որսալուն:

  6. Իրատես says:

    Երբ մի օր կունենանք մի «թագավոր», որը կվերացնի թագավորների ինստիտուտը ստեղծելով իշխանության ճյուղերի հավասարակշռման մեխանիզմներ ……. երազելը ժամանակի վատնում է։ Մենք կարծես դատապարտված ենք ընդմիշտ մնալու թագավորների բարի կամքի հույսին։ Հա, ու նաև խելքի հույսին։ Հաջորդ թագավորը կորոշի նախկին թագավորի նկատմամբ օրենքը ինչպես և ինչքան կիրառի։ Քանի որ մեզ մոտ պետությունը հենց թագավորն է։ Թագավորը օրենքն է, փողը, ուժը և բոլորը պետք է քծնեն նրան ու համաձայնվեն նրա հետ։ Լավ է, որ 91 թվականից այս կողմ սահմանները բաց են և հպատակները կարող են օտար ափերում արդարություն որոնեն։ Եղած հպատակների ստեղծած ավելացված արժեքը(ինչպես նաև նրանց ուղարկված տրանսֆերտները) դեռևս բավարար է, որ մեր թագավորները իրենց թագավոր զգան։ Չլիներ Թուրքիայի ու Ադրբեջանի նման հարևանների առկայությունը՝ Հայաստանի բնակչությունը կարող էր հանգիստ պակասեր ու դառնար Սան Մարինոյի կամ Լիխտենշտեյնի բնակչության չափ, առանց թագավորի իշխանության համար ռիսկերի։ Բայց հարևաններին չեն ընտրում։ Այնպես որ մեր դեպքում արտագաղթը պետությունը դանդաղ գլորում է անդունդը։ Պետության հետ անդունդում է հայտնվելու նաև վերջին թագավորը։ Տիգրան Դ, Արտաշես Դ, Գագիկ Բ …. ցանկը կարծես շարունակվելու է։

  7. Սարգիս Զեյթունյան says:

    «Մենք թեւակոխելու ենք Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի դեմ դատավարությունների երկարուձիգ, հոգեմաշ ժամանակաշրջան:»
    Այս անգամ կատարվածի մասշտաբներն այնպիսին են, որ առանց դատավարության առաջ չենք կարող գնալ: Համաձայն եմ վերևի մեկնաբանությունների հետ. եթե կա անմեղության կանխավարկած, ապա կա նաև մեղավորության մեջ կասկածելու իրավունք: Անպայման չէր «նախօրոք պայմանավորվել Ալիեւի եւ միջազգային «մութ ուժերի» հետ»՝ պետական դավաճան կոչվելու համար: Դրա համար «ընդամենը» պետք էր գիտակցաբար կատարել քայլեր, որոնք դեմ են պետության շահերին և աղետալի հետևանքների պատճառ են դառնում: Այդպիսի քայլերը՝ նաև Ձեր վերջին ամիսների խմբագրականներում նկարագրված, իմ կարծիքով բազմաթիվ են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728