Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատարանը պարտավորեցրել է դատական խորհրդի կարգապահական հանձնաժողովին՝ տրամադրել պատճառաբանված որոշումը

Փետրվար 24,2021 13:30
dat

Հայցվոր փաստաբանը հայտնել էր, որ 2018թ. մայիսի 5-ին դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կարգապահական հարցերով
հանձնաժողովին` դատավոր Ստեփան Միքայելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին որոշակի գործողություն կատարելուն, այն է՝ պատշաճ կերպով՝ պատճառաբանված, իր՝ 2018 թվականի մայիսի 5-ի դիմումին պատասխանելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Անդրանիկ դատական նախնական նիստը նշանակվել եւ կայացել էր 2018թ. հոկտեմբերի 29-ին: Այս տարվա փետրվարի 15-ին ուժի մեջ մնաց վարչական դատարանի որոշումը:

Հայցվոր փաստաբանը հայտնել էր, որ 2018թ. մայիսի 5-ին դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կարգապահական հարցերով հանձնաժողովին` դատավոր Ստեփան Միքայելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովը 2018թ. հունիսի 11-ին կայացրել էր որոշում, որով կարգապահական վարույթ չի հարուցել դատավորի դեմ:

Ներկայացված դիմումում մասնավորապես նշված է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր` Ս. Միքայելյան) իքս-քաղաքացիական գործը քննելիս պատշաճ կերպով չի շարադրել վերաքննիչ բողոքի եւ դրա պատասխանի փաստարկները, քանի որ դատավորները չեն ուսումնասիրել գործն ամբողջությամբ:

Ըստ կարգապահական հանձնաժողովի վիճարկվող որոշման. «Վերագրվող խախտումը ակնհայտ է, սակայն այն կոպիտ չէ, քանի որ չի կրում պարբերական բնույթ եւ չի հեղինակազրկում դատական իշխանությունը, հետեւաբար, առկա չեն ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը»:

Հայցվորը դատարանին հայտնել էր, որ մինչ օրս չի ստացել իր` 2018թ. մայիսյան դիմումի պատճառաբանված պատասխանը, ինչը խախտում է իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հանրագրի իրավունքը:

Հայցվորը նշել էր, որ 2005թ. Սահմանադրության 27.1.-րդ հոդվածին ներկայումս համապատասխանում է գործող Սահմանադրության 53-րդ հոդվածը, ըստ որի` «Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք»:

Ըստ հայցվորի, այն մարմինը, որը հանդես է եկել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողով. «չի ստեղծվել օրենքի հիման վրա, մասնավորապես, այն չի ընտրվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից այնպես, ինչպես սահմանում է օրենսգիրքը»:

Այս կապակցությամբ, վարչական դատարանն արձանագրել էր. «Ակնհայտ է, որ 07.02.2018թ.-ին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ՀՀ 2007թ. փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը եւ «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» 2007 թ. փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքը ուժը կորցրած ճանաչվելով՝ դադարեցվել են նաեւ այդ օրենքի հիման վրա ստեղծված մարմինների, այդ թվում` էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի գործառույթները: Այլ կլիներ իրավիճակը, երբ օրենսդիրը հատուկ նախատեսեր նշված մարմնի գործառույթների իրականացման պահպանումը մինչեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված` նույնատիպ գործառույթներով օժտված մարմնի կազմավորումը: Սակայն «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը այդպիսի իրավակարգավորում չի նախատեսում»:

Հայցվոր կողմը հայտնել էր, որ նախկինում «նմանատիպ վարքագծով», այն է՝ չպատճառաբանված որոշումներով, ոչ պատշաճ հանդես էր գալիս ՀՀ արդարադատության խորհուրդը, ինչի առթիվ ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրել էր թիվ ՍԴՈ-1063 որոշումը. «… երբ օրենսգիրքը նախատեսել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթը նաեւ անձի դիմումն է, եւ այս առիթն ընդհուպ չի ներառել հիշյալ հոդվածի 7-րդ մասում, ապա այդ դիմումը չի կարող մնալ անպատասխան կամ այն մերժելու դեպքում չտրվի մերժման համապատասխան հիմնավորում: Հակառակ դեպքում խախտվում է անձի` ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածով նախատեսված իրավունքը, որը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք»:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Պողոսյանի, դատավորներ Արա Բաբայանի, Աշոտ Սարգսյանի, թիվ ՎԴ/7650/05/18 վարչական գործով փետրվարի 15-ին կայացրել է որոշում, որով մերժել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի վերաքննիչ բողոքը, որով ուժի մեջ մնաց ՀՀ վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանի կողմից կայացված վճիռը, ըստ որի՝ դատարանը պարտավորեցրել է Հանձնաժողովին պատշաճ ձեւով, պատճառաբանված, փաստաբան-հայցվորին պատասխանել՝ թե ինչո՞ւ դատավոր Ստեփան Միքայելյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել:

Փաստաբանական համայնքի կողմից այսօրինակ որոշումը կարեւոր էր նրանով, որ այլեւս արձանագրվել է, որ թե ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը եւ թե ՀՀ արդարադատության նախարարությունը չեն կարող մերժել անձանց՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումներն առանց պատշաճ կերպով պատճառաբանելու, թե ինչո՞ւ կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվում:

Իրավական պրակտիկան պետք է անվերապահորեն հիմք ընդունի անձի` ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու սահմանադրական իրավունքի ապահովման անհրաժեշտությունը որպես անմիջականորեն գործող իրավունք:

Պատասխանողը դատարան չէր ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որեւէ առարկություն, ու նաեւ հայտնի չէ, թե այս վճռից հետո արդյո՞ք կբողոքարկի այն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728