Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրենիքը Գեղամի պես են սիրում

Փետրվար 24,2021 12:30

 Երիտասարդը բանակից 2020-ի հուլիսին էր զորացրվել, սակայն պատերազմը սկսվելուն պես կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

Պատերազմն անջնջելի հետքեր թողեց, սակայն կյանքն այնպիսին է դարձել, որ դժվարություններն ու կորուստները առած՝ պետք է մի կերպ ապրենք` մոռացության չտալով այն հերոսներին, որոնց շնորհիվ օրը լուսանում է։

Այս պատերազմն էլ եկավ ապացուցելու, որ հայ մարտիկի ոգին ամուր է, պատրաստ է կենաց ու մահվան կռվում պահպանել գոյության իր իրավունքը։

Պատմությանս հերոսը Գեղամ Օհանյանն է։ Այս կենսախինդ ու հերոս երիտասարդը բանակից 2020-ի հուլիսին էր զորացրվել։ Պատերազմն սկսվելուն պես կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

Որ գնացել հասել են Տոնաշեն, հենց զորամաս մտնելու ժամանակ արդեն ստեղծված իրավիճակը տեսան, պարզ էր ամեն ինչ։ Ցավում է. զորամասի կեսը չկար։

«Մենք պատրաստ դիրքավորվել էինք, որովհետեւ սպասում էինք, որ պետք է ռմբակոծությունը սկսվի։ Ինքնաթիռները ձախից եկել են, գնացել, չեն ռմբակոծել։ Շփոթվել ու կենտրոնացել ենք այդ երկու ինքնաթիռի վրա, ու այդ պահին երրորդը մեր գլխավերեւով անցել էր։ Որ նկատել ենք երրորդին, չենք հասցրել խփել, աջ ու ձախ ամեն ինչ պայթում էր։ Հիշում եմ, որ հետ եմ նայել` տեսնեմ որտեղ է երեւալու այդ ինքնաթիռը, որ խփեմ»,-այսպես է վերհիշում եւ պատմում Գեղամը` աչքերում պատերազմի դառը տեսարանները պահելով։

«Մի հատ կողքիս պայթել ու ինձ շպրտել է։ Որ աչքերս բացել եմ` ձեռքերս ծալված էին, չէի կարողանում շարժվել, մենակ գլուխս էի շարժում։ Տեսել եմ, որ ոտքս չկա»,-ասում է զրուցակիցս։

Այդ պահն անցավ, սկսեց ցավեր զգալ, գոռաց ու ընկերները լսելով նրան` մոտեցան ու տարան թաքստոց։ Սպասել են, որ ռմբակոծությունն ավարտվի, որպեսզի շտապօգնության մեքենան կարողանա մոտենալ։

Ցավալի պահեր շատ եղան։ Գեղամը հիշեց, որ 400 հոգանոց խումբը ուղեկցել են Թալիշ, սակայն 10 հոգի հետ եկան այդ խմբից ու ասացին, որ մյուսները զոհվել են։

Իսկ ուրախալի պահը… մեկ այլ մարտական դիրք ռմբակոծելուց հետո, ընկերները կապվում եւ ասում են, որ ողջ են։

Չարագույժ պատերազմից հետո Գեղամը պրոթեզ է կրում։ Սկզբից չէր հարմարվում, սակայն ժամանակի ընթացքում հետաքրքրվեց, քրքրեց համացանցը, տեսանյութեր նայեց, որտեղ բոլորն ասում էին` ինչքան շուտ ընդունես պրոթեզը քո մարմնի մի մաս, այնքան հեշտ է լինելու քայլելը։

Այժմ նա Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում է ֆիզոթերապիայի կուրս անցնում։ Նա հարմարվել է պրոթեզին, անգամ պահ է գալիս, որ մոռանում է դրա մասին։

Հայրենիքը չեն սիրում բառերով, այլ սիրում են Գեղամի պես։ Նրա տեսածն ու զգացածը բառերի միջոցով շատ դժվար է պատմել։ Իսկապես, կարծես ցավը մեզանից շուտ է ծնվել ու հավերժ ապրում է մեզ հետ։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները` Անժելիկա Զաքարյանի

«Առավոտ» օրաթերթ

23.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728