Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ»

Փետրվար 24,2021 13:00

Հարցազրույց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի դոցենտ, եզդի գրող Թերեզա Ամրյանի հետ

– Ովքե՞ր են Ձեր ստեղծագործությունների հերոսները կամ նրանց նախատիպերը:

– Մինչեւ այս պահը լույս տեսած ստեղծագործություններիս հերոսների մի մասը իմ ժողովրդի ներկայացուցիչներն են։ Այդ հերոսներից շատերին ինքս եմ կերտել. որոշ հերոսներ էլ ունեն իրենց նախատիպերը։ Օրինակ՝ իմ սիրելի հերոսուհիներից մեկի նախատիպը պապիկիս մայրն է, որին ընտանիքում բոլորս ընե էինք անվանում (ընե եզդիների լեզվում «մայրիկ», «նանի» նշանակությունն ունի)։ Իմ ստեղծագործություններից շատերում ընեն հանդես է գալիս որպես ազգային ինքնությունը կրող եւ փոխանցող։

– Ի՞նչ եք զգում գրելիս:

– Նախկինում միշտ գրում էի ինքս ինձ համար. գրելը կարգուկանոնի եւ ներդաշնակության զգացում է պարգեւում։ Գրելու շնորհիվ կարողանում եմ ավելի լավ տեսնել եւ ճիշտ գնահատել իրականությունը։

– Ձեր գործերում, այսպես կոչված, գրական սեթեւեթանք չկա, ինչպե՞ս է հաջողվում զսպել գայթակղությունը եւ ստեղծագործել պարզ, մարդկային լեզվով:

-Ես միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ։ Այդ զրույցը խառաշփոթի մեջ դասավորվածություն առաջացնելու միտում ունի. գուցե դա է պատճառը, որ իմ գործերում բացակայում է գրական սեթեւեթանքը։

– Ձեր ծաղիկները վերջերս բաժին հասան Ձեր տատիկին: Ի՞նչ դերակատարություն ունի նա Ձեր կյանքում եւ գրական կարիերայում:

– Օրերս կայացավ «Այն եզդի կնոջ ճամպրուկը» վեպի շնորհանդեսը։ Մտերիմներս եւ ընթերցողներն այնքան ծաղիկներ էին բերել… Այդ ծաղիկները ես տատիկիս նվիրեցի։ Տատիկիս դերը կարեւոր է իմ կյանքում։ Եթե ընեն իմ ստեղծագործություններում ազգային ինքնության խորհրդանիշի դեր է կատարում, ապա տատիկս իմ կյանքում կարծես կողմնացույցի դեր կատարի։ Տատիկը մի փարոս է, որի լույսը հաճախ սթափեցնում է։

– Կա՞ մի գործ, որ Ձեզ համար ամենաթանկն է:

– Ինձ համար հավասարապես թանկ են իմ բոլոր ստեղծագործությունները՝ ե՛ւ պատմվածքները, ե՛ւ վեպը։

– Ձեր կարծիքով ո՞րն է Ձեր գրականության հիմնական առանձնահատկությունը, հատկապես ի՞նչն է գրավում ընթերցողին:

– Իմ ստեղծագործությունների հիմնական առանձնահատկությունը գուցե այն է, որ գրում եմ իմ ազգակից եզդիների մասին, երբեմն անդրադառնում եմ իմ ժողովրդին հուզող հարցերին։ Կարծում եմ՝ հենց դա էլ գրավում է ընթերցողներին։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը` Թերեզա Ամրյանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
23.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728