Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՛չ Վլադիմիր Պուտինն է օգնել, ո՛չ էլ՝ Փաշինյանը

Փետրվար 24,2021 14:00

Դոնեցկի պատերազմից մազապուրծ եղած ընտանիքը Փաշինյանի կոչով 2018-ին եկել է Հայաստան, բայց ոչ մի աջակցություն մինչ օրս չի ստացել. ապրում է խոնավ սենյակում:

2018 թվականին, լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ թե հայրենիքը գրկաբաց ընդունում է իր քաղաքացիներին եւ պատրաստակամ է օգնելու, Կիրակոսյանների ընտանիքը որոշում է վերադառնալ Հայաստան: Հատկապես, որ որպես փախստական, չորս տարի շարունակ ո՛չ Ուկրաինայում ո՛չ Ռուսաստանում ընտանիքն ապաստան չի գտնում: Տիկին Մարգարիտան, նրա դուստրը՝ Հասմիկը եւ որդին Դոնեցկից են: 2014 թվականին կյանքի գնով փրկվում են ռմբակոծությունից եւ Դոնեցկից մեկնող վերջին ավտոբուսով տեղափոխվում Ղրիմ՝ Սիմֆերոպոլ քաղաք: Մեկ ամիս անց, սակայն նրանց Սիմֆերոպոլի ժամանակավոր կացարանից, որտեղ տեղավորվել էր ընտանիքը, որպես տեղահանված, հանում են: Ստիպված են լինում մեկնել Կիեւ, որտեղ նույնպես խնդիրների առաջ են կանգնում: Սեփականատերը կարճ ժամանակ անց խնդրում է հյուրանոցը լքել:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տիկին Մարգարիտան է պատմում, Կիեւից էլ մեկնում են Մոսկվա: Այստեղ էլ ընտանիքին գրկաբաց չեն սպասում: Ո՛չ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակն է դրական պատասխան ստանում, ո՛չ էլ՝ փախստական լինելու հանգամանքն է Ռուսաստանի կառավարության գութը շարժում, ընտանիքը մի շարք դժվարությունների միջով անցնելով, որոշում է հավատալ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումներին եւ վերադառնալ:

Երկու տարուց ավելի է նրանք Հայաստանում են: Ասում են՝ միայն Աստված գիտի այս երկու տարիների ընթացքում ինչերի միջով են անցել: Խոնավ ու ցուրտ նկուղներում են գիշերել, կրծողների հետ ապրել եւ միայն բարեգութ մարդկանց շնորհիվ է, որ հագուստ ունեն, տան որոշ իրեր:

Կացարանի հարցով նամակ են գրել վարչապետին, սակայն՝ մերժում են ստացել: Կառավարությունից պատասխանել են, որ ոչնչով չեն կարող օգնել:

Փորձել են սեփական ջանքերով տանիք գտնել, բայց բոլոր տարբերակներում, ինչպես տիկին Մարգարիտան է նշում, անմարդկային պայմաններ են եղել: Բայց այլ ելք էլ չեն ունեցել, ստիպված համաձայնել են: Նկուղում ապրելու պատճառով դուստրը բրոնխների լուրջ առողջական խնդիրներ է ձեռք բերել, հիվանդությունը ոչ մի կերպ չի բուժվում, հակառակը՝ խորանում է, քանի որ մի խոնավ բնակարանից մեկ այլ՝ ոչ հարմարավետ ու խոնավ տուն են տեղափոխվում: Հասմիկի խոսքով, սենյակը, որտեղ այսօր բնակվում է մոր եւ եղբոր հետ, պատերը բորբոսով են պատված, կենցաղային տարրական պայմաններ չկան: Սկզբում, երբ նոր են վարձել, անգամ մահճակալ չեն ունեցել, ոչ էլ՝ սեղան, աթոռ եւ մի որոշ ժամանակ հատակին ծածկոց են գցել եւ այդպես գիշերել: Հասմիկի հիվանդությունն այնքան է խորացել, որ Հայաստանում բուժումն արդյունք չի տալիս, դեղերն այլեւս չեն օգնում: Բժիշկները հորդորել են Գերմանիա մեկնել:

Հետաքրքրվել են, հարցում արել, Գերմանիայի կլինիկայից ի պատասխան հայտնել են՝ բուժումն արժե 6 հազար եվրո:
«Այսօր նույնիսկ հաց չենք կարողանում գնել, արտերկրում բուժվելու մասին մտածել անգամ չենք կարող»,-ասում է Հասմիկը՝ հույս ունենալով, որ գոնե բարերարներ կգտնվեն իրենց ընտանիքին օգնելու, քանի որ պետությունից ոչ մի հույս չունեն: Ասում են՝ պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել, որտեղ դիմել են՝ մերժում են ստացել: Անգամ նպաստի ծառայությունից չեն կարողանում օգտվել: Պատճառն այն է, որ գրանցված են Էջմիածին քաղաքում, բայց բնակվում են Աբովյանում: Միայն տիկին Մարգարիտայի 33 հազար դրամ թոշակով են ապրում: Այդքան քիչ գումարով չգիտեն՝ կոմունալները վճարեն, հաց գնեն, թե դեղ առնեն: Որդին էլ հաշմանդամություն ունի, բայց դեռեւս հաշմանդամության կարգի խնդիրները չեն լուծվել, որպեսզի գոնե որդու թոշակով նրա դեղերը գնեն:

Ռուս-ուկրաինական պատերազմից փրկված Կիրակոսյանների ընտանիքը ներկայումս Աբովյանում հանրակացարանի մեկ սենյակում վարձով է բնակվում, բայց մտավախություն ունի, որ այդտեղից էլ կհանեն, տերերը ծախելու մտադրություն ունեն: Նրանք երեքն էլ Հայաստանի քաղաքացի են, բայց պետության հոգածություն երբեւէ չեն զգացել: Չգիտեն ում դիմեն, ինչ անեն, որ ծայրահեղ աղքատության ճիրաններից դուրս գան:

Տիկին Մարգարիտայի խոսքով, եթե կացարանի հարցը լուծվի, կսկսեն զբաղվել իրենց առողջական հարցերով, որպեսզի կարողանան որեւէ աշխատանք գտնել ու ավելի մարդավայել ապրել: Բայց առայժմ, փախստական ընտանիքի կյանքում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունենում. Հակառակը՝ խոնավ ու ցուրտ սենյակում ապրելով օր-օրի եղած առողջությունն էլ են կորցնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728