1in.am-ի «Հոծ գիծ» հաղորդման փետրվարի 23-ի թողարկման հյուրն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում, և իհարկե՛, կան հետևանքներ, որոնք անհաղթահարելի են, մասնավորապես՝ նկատի ունեմ մեր ընկած եղբայրներին, մեր նահատակներին, որոնց ցավոք սրտի, էլ չենք վերադարձնի։ Ընդհանուր առմամբ, մենք, իհարկե՛, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ։ Եվ իմ գնահատմամբ, թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները կապվում են անվտանգային միջավայրի հետ։ Եվ սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո որպես առաջնային խնդիր ձևակերպել եմ Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը։ Եվ չեմ կարող ասել, որ այդ խնդիրը 100 տոկոսով լուծված է, բայց կարծես, թե մենք վստահ քայլերով գնում ենք առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ նա ասաց, որ կազմակերպության պարտականությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն սահմանված սահմաններից ներս․ «Հայաստանի սահմաններից ներս էլ մենք ունեցել ենք անվտանգային մարտահրավերներ։ Եվ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները այդտեղ որոշակի դերակատարում ունեցել են, և պետք է խոստովանել։ Ընդհանուր մեր անվտանգային տարածաշրջանային համակարգին պետք է ձեռնամուխ լինենք բանակի բարեփոխումներին և կառուցվածքային բարեփոխումներին, բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես սպառազինությունների մասով և ընդհանրապես ռազմավարական բովանդակության մասով։ Եվ բացի դա, մենք, իհարկե՛, պետք է գնահատենք այն դերը և նշանակությունը, որը ունենք տարածաշրջանում, գնահատենք այն հարաբերությունները, որը ունենք տարածաշրջանում և տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ