«Մենք գտնվում ենք մի շենքի դիմաց, որի հետ կապված ամեն մեկը տարբեր հուշեր ունի»,- Ազգային անվտանգության շենքի դիմաց՝ Նալբանդյան 104 հասցեում, հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթ անցկացնող քաղաքացիները բողոքի ցույց անցկացրին ՀՀ ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով ոստիկանապետ Վահե Ղազարյանն իջնի և բացատրություն տա, սակայն ստացան նրա մերժումը:
Այնուհետև ցուցարարները բողոքի ցույց իրականացրին ԱԱԾ շենքի դիմաց: Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Առաջին անգամ այս շենքի մոտ դեռևս ուսանող մասնակցում էի բողոքի հանրահավաքի՝ պահանջելով ազատ արձակել մեր ժողովրդի անկախության պայքարի առաջամարտիկներից մեկին: Տարբեր տարիների տարբեր դեպքեր են անցել-դարձել: Մենք այս տարիներին տեսել ենք ԱԱԾ, որ պայքարել է մեր արտաքին թշնամու դեմ, ԱԱԾ, որ ցավոք, մի պահի դարձավ քաղաքական գործիք: ԱԱԾ այս շենքի մեկուսարաններում տարիներ շարունակ պահվել են ուկրաինացի վարձկան օդաչուներ, որոնք խփում էին Արցախի երկնքում, ադրբեջանցի հանցագործներ, որոնք դիվերսիոն փորձերի ժամանակ գերի են ընկել, պահվել են լրտեսներ, թշնամիներ, այս շենքում ծառայել են բազմաթիվ վաստակաշատ մարդիկ: Այստեղ է ծառայել նորանկախ Հայաստանի հետախուզության հիմնադիրներից մեկը՝ հանգուցյալ Բասենցյանը, Գորիկ Հակոբյանը:
Այսօր այս շենքը դարձել է վհուկներ որսացող, ՀԴՄ ստուգող, գազի լցակայան ստուգող, սև վերնաշապիկներով ինչ-որ վհուկներ փնտրող, հայրենիքի լավագույն որդիներին այս մեկուսարանում պահող շենք: Հիմա այս մեկուսարանում թշնամիների չեն պահում, այստեղ պահում են հայրենասերներին, որոնք տարիներ շարունակ պայքարել են նույն թշնամու դեմ: ԱԱԾ աշխատակիցներ, պարոնայք սպանե′ր, հիշեք ձեր անցյալը, հիշեք ձեր երաշխավորներին, մի դարձեք գործիք, դադարեք օպերլիազոր լինել: Քաջ գիտակցեք՝ այստեղ կանգնած շատերը ԱԱԾ մեկուսարանը ձեզնից ավելի անգիր գիտեն, սովոր են, վարժ են, դրանով ոչ մեկի չեք վախեցնի:
Կարդացեք նաև
Արիկ Սաղաթելյանին էլ չեք վախեցնի, որ պահում եք հիմա այդտեղ: Ուշքի եկեք, որովհետև ձեզ վստահվել է ազգային անվտանգության ծառայողի դերը: Դադարեք Նիկոլի օպերլիազոր լինել: Ձեր պարտքն է առաջինը մեկուսացնել դավաճանին, Ալֆայի տղե′րք, հատուկ նշանակության ստորաբաժանման տղե′րք, դուք հերոսական անցյալ եք ունեցել, քաղաքական իշխանության դավաճանությամբ, կապիտուլյացիայի պատճառով մեղքը իրենցից քավելու համար ստորացրին ձեզ ողջ աշխարհով: Որ երկրում էլ գնաք համագործակցության հանդիպման, ձեզ նայելու են՝ մարտի դաշտից փախչող ԱԱԾ-ի Ալֆա: Ապացուցեք, որ վախկոտ չեք, որ ունեք ավանդույթներ, ժամանակը ձեր քիչ է, մտածելու էսօրվա գիշեր ունեք, մի քանի օր ունեք: Այլևս չեն ներելու երկնքից ձեր ընկերները, զինակիցները, այստեղ՝ ժողովուրդը»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ նշեց. «Դուք վերջին շրջանում ֆեյք եք ման գալիս: Մեր երկրում կա մեկ գլխավոր գերագույն ֆեյք, որը ցերեկները լինում է կառավարության առաջին մասնաշենքում, երեկոյան՝ կառավարական ամառանոցում: Գնացեք նրա հետևից: Դավաճան, պառակտիչ եք փնտրում. հասցեն նույնն է՝ կառավարական ամառանոց: Եթե դուք մտածում եք մեր երկրի ազգային անվտանգության մասին, ուրեմն պիտի չեզոքացնեք մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառանալիքին՝ Նիկոլ Փաշինյանին: Սա է մեր երկիրը փրկելու ճանապարհը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ