Արդեն քանի օր է մամուլում լուրեր են շրջանառվում, որ աշխատանքից ազատվել է Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանը: Հարցազրույցներից մեկում Եդոյանն ասել էր, որ իրեն աշխատանքից ազատելն ունի քաղաքական ենթատեքստ, եւ որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իրեն աշխատանքից ազատել է, քանի որ ինքը եւս միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչին:
Լրագրողների հետ զրույց Արամ Խաչատրյանն ասաց, որ ինքը գործել է իր լիազորությունների շրջանակներում, հերքելով, որ Եդոյանն աշխատանքից ազատվել է իր քաղաքական հայացքների պատճառով. «Պատճառներից մեկը եղել է այն, որ բազմաթիվ դժգոհություններ քաղաքացիների կողմից՝ կապված պոլիկլինիկայի մթնոլորտի հետ: Հարկ եղած դեպքում, եթե պետք լինի, ես առաջիկայում կներկայացնեմ դրանք»,- ասում է մարզի ղեկավարն ու պնդում, որ ինքը գործել է օրենքի սահմաններում. «Ես գործել եմ իրավաչափ, համաձայն ՓԲԸ-ների մասին օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի: Եթե ինձ հետ համաձայն չէ արդեն իսկ նախկին տնօրենը, կարող է վիճարկել դատարանում»:
Aravot.am-ը փորձեց Արտակ Եդոյանից հետաքրքրվել, թե ի՞նչ քայլերի է դիմելու արդեն նախկին տնօրենը եւ արդյո՞ք պատրաստվում է դիմել դատարան, Լոռու մարզի գլխավոր ուռոլոգը պատասխանեց. «Ես ինչ-որ պետք էր, որտեղ պետք էր, ամեն ինչ ասել եմ: Ներողություն եմ խնդրում ավելացնելու բան չունեմ: Առայժմ խորհրդակցությունների ու քննարկումների մեջ եմ, կտեսնենք, կորոշենք»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ