«Պահանջում ենք ոստիկանապետին»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթի ժամանակ ՀՀ ոստիկանության շենքի դիմաց հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ոստիկանապետին տրվեց 15 րոպե ժամանակ:
Իշխան Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին շրջափակել ոստիկանության շենքը:
Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին շուրջ հիսուն քաղաքացիներ բերման ենթարկվեցին, որոնք Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության 3-րդ մասնաշենք մուտքն էին փորձում արգելել: Սակայն ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառվեց, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մուտք գործել կառավարության մասնաշենք: Այնուհետև Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն տարածեց ու դատապարտեց ոստիկանների գործողությունները:
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ հենց հիմա ոստիկանապետը պարտավոր է ներկայանալ և բացատրություն տալ: Նա շեշտեց. «Այսօր դուք ձեզ պահել եք լկտի: Եթե ձեզ թվում է՝ Քոչարյան Անդոյի, շիշ բռնողի հրահանգով պետք է կրակեք ժողովրդի վրա ու վախեցնեք, սխալվում եք: Եթե ձեզ թվում է, որ մենք նահանջելու ենք, սխալվում եք, եթե ձեզ թվում է պիտի գնանք բախման, սադրանքների, նորից արյուն թափեք Երևանում նորից սխալվում եք»:
Իշխան Սաղաթելյանը ոստիկանության ղեկավար մարմինների ներկայացուցիչների անուններ հնչեցրեց ու պահանջեց. «Ոստիկանապետ, նրա տեղակալ Արամ Հովհաննիսյան, մյուս տեղակալ Վարդան Մովսիսյան, Արա Ֆիդանյան, Արթուր Մարտիրոսյան, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայան, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյան, բոլորդ հատ-հատ պատասխանատվություն եք կրելու: Մաս մի կազմեք այդ դավաճանի ծրագրերին, հիշեք ձեր ընկերներին, որոնց տարան պատերազմի օրերին, թողեցին սոված ու անտեր: Ապօրինի հրահանգներ կատարելով՝ մեր երկիրն էլ ավելի եք տանում խորտակման: Պահանջում եմ՝ ոստիկանապետն իջնի ու բացատրություն տա այսօրվա՝ ձեր կատարած ապօրինի գործողությունների համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ