Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը կիսում է Ճապոնիայի հետ ժողովրդավարության, հասարակական ազատության ու արժանապատվության ընդհանուր արժեքներն ու սկզբունքները. Տիգրան Ավինյան

Փետրվար 23,2021 19:21

Տիգրան Ավինյանի ուղերձը Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ

Հարգելի՛ պարոն դեսպան Ջուն Յամադա,

Հարգելի՛ բարեկամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի ազգային օրվա՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քսանինը տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ մեր ժողովուրդների ու պետությունների միջև ձևավորվել է բարի կամքի և փոխըմբռնման վրա հիմնված սերտ համագործակցություն: Մեր երկրների կառավարությունները զգալի ջանքեր են գործադրել հայ-ճապոնական գործընկերության զարգացման համար:

Մեծ կարևորություն ենք տալիս Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և փոխգործակցության հետագա ամրապնդմանը` հաշվի առնելով Ճապոնիայի  ներդրումը մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղության առաջխաղացման, ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման ու բնապահպանական կարողությունների զարգացման գործում:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ճապոնիայի ներգրավվածությանը հարավկովկասյան տարածաշրջանում և գնահատում է Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը և աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս կապակցությամբ մեծապես գնահատելի է Ճապոնիայի կառավարության որոշումը 3,6 մլն. ԱՄՆ դոլարի չափով մարդասիրարական օգնություն տրամարդելու Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժածներին:

Ճապոնիան իր պատմական փորձով ապացուցել է, որ պատերազմների հետևանքների հաղթահարման լավագույն ուղին կայուն խաղաղության հաստատումն է և մարդկային կարողությունների զարգացումը: Կարևոր է նշել նաև, որ Հայաստանը կիսում է Ճապոնիայի հետ ժողովրդավարության, հասարակական ազատության ու արժանապատվության ընդհանուր արժեքներն ու սկզբունքները, որոնք լրացուցիչ խթան են մեր երկրների և ժողովուրդների փոխգործակցության համար:

Մեր ժողովուրդների պատմությունն արձանագրել է նաև փոխօգնության և մարդասիրության դրսևորումներ, որոնք ամուր հիմք են հանդիսանում հայ-ճապոնական միջմարդկային սերտ կապերի համար: Այդպիսի մի դրվագ էր 1922թ. Զմյուռնիայում  ճապոնական «Տոկեի Մարու» նավի կողմից տեղաբնակ հայերի փրկության փաստը, որի մասին երախտապարտ հիշողությունները պահպանվել են փրկվածների սերունդների կողմից:

Մեր երկրներին հուզող հարցերի շուրջ Հայաստանը և Ճապոնիան արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում: Հայաստանն աջակցում է Ճապոնիային ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ու գնահատում Ճապոնիայի դերը գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ու կայուն զարգացման օրակարգի առաջխաղացման գործում: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Ճապոնիայի մոտեցումը զարգացած ու զարգացող երկրների, ինչպես նաև տարբեր մշակույթների միջև «կամուրջ» ծառայելու հարցում:

Հայաստանի կառավարությունն արժևորում է Ճապոնիայի կառավարության օգնության քաղաքականությունը, որի  շրջանակներում  Հայաստանին պարբերաբար տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն,  ինչպես նաև արտոնյալ վարկեր:

Այս բոլոր ծրագրերը, անկասկած, տնտեսական բարեփոխումների իրականացման ճանապարհին զգալի օգնություն են Հայաստանի համար: Պաշտոնական օգնության ծավալներով Ճապոնիան Հայաստանի համար  դասվում է խոշորագույն դոնոր երկրների շարքին: Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությունը տարիների ընթացքում նպաստել է մեր երկրի տարբեր ոլորտների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի, տրանսպորտի, փոքր և միջին գործարարության, մարդկային ռեսուրսների զարգացմանը, ենթակառուցվածքների և կարողությունների ավելացմանը: Միաժամանակ, մենք տեսնում ենք տնտեսական կապերի աճի և տարբեր ոլորտներում համագործակցության ավելի մեծ ներուժ:

Վերջում, կուզենայի կրկին շնորհավորել մեր ճապոնացի բարեկամներին ազգային տոնի կապակցությամբ և խորին շնորհակալություն հայտնել դեսպան Յամադային՝ հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Կեցցե՛ Հայաստանի և Ճապոնիայի բարեկամությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728