Այսօր տեղի է ունեցել Արմեն Մուրադյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի դատական նիստը։
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը 2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Արսեն Թորոսյանի զրպարտչական արտահայտությունների հերքման եւ պատճառված ոչ նյութական վնասի՝ 2 միլիոն դրամի հատուցման պահանջներով։
Հիշեցնենք, որ դատական հայցը ներկայացվել է այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարն էր։ Նա այժմ զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Արսեն Թորոսյանի հայտարարությունները, ըստ որի, Թորոսյանը սուտ է որակել Արմեն Մուրադյանի այն խոսքերը, թե Թորոսյանն ասել է, որ համալսարանական հիվանդանոցին կից գործող հաստատությունում բուժվող զինհաշմանդամները, միեւնույն է, չեն բուժվելու, ինչու նրանց համար հավելյալ ջանք թափել: Արսեն Թորոսյանը նաեւ ասել է, որ իր դեմ արշավի «դիրիժորությունն» Արմեն Մուրադյանն է կազմակերպել։ Հայցվորը պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում Ֆեյսբուքի ու Հանրային հեռուստատեսության եթերում։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում դատարանում Արմեն Մուրադյանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանն ասաց, որ այսօրվա նիստում դատարանն ապացուցման բեռ է բաշխել, յուրաքանչյուր կողմը պետք է ապացուցի իր բերած փաստարկները։
Այսինքն, Թորոսյանը պետք է ապացուցի, որ ինքը չի վիրավորել եւ չի զրպարտել Արմեն Մուրադյանին, իսկ Մուրադյանն էլ պետք է ապացուցի, որ այն փաստական հանգամանքները, որոնք ներկայացվել են դատարան, իրոք տեղի են ունեցել, այսինքն` այդ վիրավորական արտահայտություններն արվել են։ Այս գործով Հանրային հեռուստաընկերությունը ներգրավել է որպես երրորդ կողմ։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 21-ին, դատարանում ապացույցներն են ուսումնասիրվելու։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ