Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշել ենք ԱԱԾ-ին օգնել»․ Բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն Արա Սաղաթելյանի

Փետրվար 23,2021 17:20

Հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետները Ազգային անվտանգության շենքի առջև էին։ Նրանք բողոքի գործողություն էին անում՝ ի պաշտպանություն Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի։

Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 21-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացրել։

Ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ, կրիչներ եւ համակարգիչներ: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ հայտնի «Գագիկ Սողոմոնյան ֆեյքի» գործով։ Դատարանը մերժել է վերլուծաբան Կարեն Բեքարյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը, իսկ նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել: Կարեն Բեքարյանն ազատ էր արձակվել։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ներկայացրեց իր և այլ հեղինակների գրքերը․ «Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել։ Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ ենք բերել, որոնք հուսով ենք՝ կօգնեն ավելի ծանր հանցագործության մեջ իրեն մեղադրել»։

Գրքերի շարքում էին «Հայատյացությունը Ադրբեջանում», «Հայատյացությունը ադրբեջանական մանկական գրականությունում», «Լեռնային Ղարաբաղ. Ինչպե՞ս է դա եղել», «Ի՞նչ է տեղի ունեցել Խոջալուում»։

«Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանն էլ ներկայացրեց Արա Սաղաթելյանի ղեկավարած կենտրոնի նկարահանած ֆիլմերը, որոնք վերաբերում են Մարաղայում, Խոջալուում, Սումգայիթում, Բաքվում կատարված ջարդերին, ապրիլյան պատերազմի առաջին օրը զոհվածին, «Օղակ» գործողությանը։

Նրանք այդ ամբողջ գրականությունը և ֆիլմերը թողեցին Ազգային անվտանգության շենքի աստիճաններին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728