«Ես ուղղակի զարմանում եմ: Ամբողջությամբ կրկնում են Ադրբեջանի քաղաքական նպատակներն ու ծրագրերը: Ապշելու բան է: Ես այնքան եմ քննադատությամբ հանդես եկել նախկին իշխանությունների դեմ՝ լինի երրորդ, նախագահը, երկրորդը, նաեւ՝ առաջինը, բայց այնպիսի իրավիճակի, որն ամբողջությամբ կրկնում է թուրք-ադրբեջանական քաղաքական թե ոճը, թե, պարզապես, նպատակադրումը, առաջին անգամ ենք առերեսվում»,- այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի գործող իշխանության մասին՝ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը ՝ հատուկ նշելով նաեւ մեր երկրի շահերը արտաքին քաղաքականության մեջ պաշտպանելու բացառիկ իրավասություն ունեցող ԱԺ-ի անգործությունը:
Հարցին, թե նա շրջանցեց ՀՀ նախագահի ինստիտուտը, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Զերծ մնալով մարդկային արժանապատվությանը նեգատիվ վերաբերվելուց, պետք է ասեմ, որ նրա դերակատարությունը զրոյի է հասցվել: Անգամ այն, որ նա եղել է երկրից դուրս եւ հիմա երկրում է, կարծես որեւէ երեւելի բան ցույց չի տվել: Արդյո՞ք դա իմաստության նշան է, որ ինքը կարողանում է ավելի չսրել վիճակը, թե դա պարզապես անցողիկ կամ իրավիճակային կեցվածք է, ցույց կտա ժամանակը: Ես պիտի ասեմ, որ ուրիշները իր պաշտոնում կլինեին շատ ավելի ակտիվ՝ անկախ նրանից, թե դա ինչ կբերի իրենց ապագա պաշտոնի համար: Մենք գործ ունենք մի այլ հոգեբանական վիճակ եւ դա ափսոս է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ