Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի չափ Բուրկինա Ֆասոն էր իր ՀՆԱ-ի 0,2 % հատկացնում գիտությանը». Արեգ Միքայելյան

Փետրվար 23,2021 16:53

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կայացած ասուլիսում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ի թիվս այլնի, ներկայացրեց, թե տարբեր երկրներում 2019-20թթ. գիտությանը հատկացվող ֆինանսավորումն ինչպես է աճել: Պարոն Միքայելյանը նշեց, որ այդ առումով առաջին տեղում Իսրայելն է, երկրորդ տեղում` Հարավային Կորեան, իսկ եվրոպական երկրներում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 3%-ը:

Նրա խոսքով, Հայաստանը գիտությանը հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,2%-ը. «Մեզանից հետ են միայն հետամնաց երկրները, որոնք չգիտեն էլ, թե գիտությունն ինչ է եւ միայն վերջերս են սկսել դրանով հետաքրքրվել: Օրինակ, Բուրկինա Ֆասոն իր ՀՆԱ-ի 0,2 % էր հատկացնում գիտությանը` Հայաստանի չափ, սակայն մեկ տարվա ընթացքում ավելացրել է ֆինանսավորումը»:

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը համոզված է, որ Հայաստանն ամենաշատ գիտությամբ կարող է ինչ-որ բան ասել աշխարհին. «Նույնիսկ տնտեսության մեջ մեր տարբեր նվաճումներից ոչ մեկը, որոնցով հպարտանում ենք, չի կարող ավելին լինել, քան գիտությունը»:

Արեգ Միքայելյանն ընդգծում է. «Մեկ էլ մեր մշակութային արժեքներ ստեղծելու պատմությունն է մեզ բարձրացնում, նվաճողական պատմությամբ չենք կարող հպարտանալ: Միայն Տիգրան Մեծի ժամանակ ենք ունեցել հրաշալի ժամանակահատված, մնացած ժամանակ հողին կպած ժողովուրդ ենք եղել: Մշակութային արժեքների ստեղծմամբ մենք շատ ավելի բարձր ենք, քան տարածքով մեզանից մեծ պետությունները»:

Հղում անելով միջազգային տվյալների շտեմարաններից մեկին` նա նշում է, որ գիտության նվաճումներով 1996-ին Հայաստանը եղել է 68-րդ տեղում, մինչդեռ 2019թ` 93-րդն ենք իջել. «Բայց ոչ թե մենք ենք իջել, այլ ուրիշ երկրներն են զարգացել եւ մեզանից առաջ անցել, իսկ մենք շատ դանդաղ ենք զարգացել կամ ընդհանրապես հետ ենք ընկել»:

Հավելենք, որ ասուլիսի ընթացքում Արեգ Միքայելյանը ներկայացրեց 75-ամյա Աստղադիտարանի գործունեությունը 2020թ-ի ընթացքում՝ համավարակի և պատերազմի պայմաններում, ապա անդրադարձավ գիտական և գիտակազմակերպական գործունեությանը, առաջիկա ծրագրերին:

Բյուրականի աստղադիտարանը 2009թ-ից ի վեր ամեն տարի կազմակերպում է գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսել այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։ Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգի համար մրցանակ ստացավ Վահրամ Հովհաննիսյանը, լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ անվանակարգում՝ Ռուզաննա Մկրտչյանը (Ա1+ ՀԸ)։ Ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակը շնորհվեց Զավեն Պետրոսյանին («Կրթություն» շաբաթաթերթ, artiknews)։ Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված էր նաեւ դրամական մրցանակ` 70,000 ՀՀ դրամ։

Աստղադիտարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Արցախյան Երկրորդ պատերազմի մասնակիցներ աստղադիտարանի գիտաշխատող Դանիել Բաղդասարյանին և անվտանգության ծառայության աշխատակից Պողոս Բավոյանին:

Լրագրողները հնարավորություն ունեցան այցելելու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան եւ Բյուրականի աստղադիտարանի խոշորագույն՝ 2․6մ աստղադիտակ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728