Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանի լկտի պահվածքը բացատրվում է նաեւ Հայաստանի վերին աստիճանի դատապարտելի անգործությունով, պասիվությամբ»

Փետրվար 23,2021 16:43

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր անդրադարձավ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող  տարածքներում հայ զինվորների որոնողական աշխատանքները անժամկետ դադարեցնելու մասին որոշմանը:

Տիկին Ալավերդյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը սկսած դեռ 90-ականներից՝ Հեյդար Ալիեւի ղեկավարման տարիներից, արհամարհում, ոտնահարում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, իսկ հիմա ուղղակիորեն հակադրվում է այդ միջազգային հումանիտար իրավունքի նորմերին:

«Արդյո՞ք չկա պատժելիության սկզբունքի իրացում միջազգային մարդասիրական սկզբունքների մեջ: Անշուշտ կա, եւ դրան նվիրված են բավականին հստակ ձեւավորված փաստաթղթեր, հատուկ ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված նյութեր: Օրինակ, միջազգային մարդասիրական իրավունքի սովորութային նորմերը, որտեղ հստակ գրված է. հենց ավարտվում են մարտական գործողությունները, ուշադրություն դարձրեք, ոչ թե պատերազմը, այլ կոնկրետ մարտական գործողությունը, պետությունները ամեն անգամ պարտավոր են անմիջապես սկսել զբաղվել վիրավորներով, զոհվածներով: Փաստորեն ամեն մի պետության պարտադրվում է մատուցել համապատասխան ծառայություններ, մինչեւ անգամ՝ արժանապատվորեն հուղարկել:

Երկրորդ, նորմը ուղղակի է ասում, որ պարտավոր են բոլոր ռազմագերիներին վերադարձնել առանց որեւէ պայմանի: Եվ հաջորդը, որ պատանդ վերցնելը արգելված է եւ միշտ պետք է արգելվի: Այսինքն, ձեւակերպումները շատ հստակ են»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Նաեւ նշեց, որ Ադրբեջանի կեցվածքը «միջազգային նորմերով հանցագործությունների մի փունջ է՝ հանցագործություն է խաղաղության դեմ, ռազմական հանցագործություններ է, մարդասիրության դեմ հանցագործություն եւ ցեղասպանական հանցագործություն է: Ադրբեջանը սրանք անում է, բայց միաժամանակ նա այնքան ակտիվ է աշխատում բոլոր դաշտերում, որտեղ մենք ուղղակի գոյություն չունենք, թեկուզ անդամակցում ենք բազմապիսի միջպետական կազմակերպություններին: Եվ, անշուշտ, իր այս լկտի պահվածքը բացատրվում է նաեւ Հայաստանի, որպես պետության, վերին աստիճանի դատապարտելի, եթե չասեմ՝ անգործությունով, ապա՝ պասիվությամբ»,-նշեց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728