«Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցի» «ֆեյսբուքյան» էջում երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Արտաշատ քաղաքի Թուխ Մանուկ մատուռի վրա հարձակում է տեղի ունեցել, կոտրվել է պատուհանը, փայտե խաչն ու դրա վրայի Հիսուսի արձանը, փորձ է կատարվել բացել գանձանակը։ Aravot.am-ը դեպքի մասին զրուցեց Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի հետ։
-Տեր հայր, խնդրում եմ տեղեկացնել, թե ինչի՞ եք ականատես եղել մատուռի ներսում։
Տեր Թաթուլ-Դեպքը երեկ վաղ առավոտյան է արձանագրվել, երբ մոմավաճառը ներկայացել է աշխատանքի։ Թուխ Մանուկ մատուռն ունի մոմավաճառ, մատուռը մեր եկեղեցուն կից վարչատարածքային միավոր է համարվում եւ մեր հովվության ներքո է։ Մոմավաճառը նկատել է պատուհանը՝ կոտրված, բացված վիճակում։ Դրսում՝ պատուհանի տակ, գիպսի կտորներ են եղել։ Պարզվեց, որ խաչի վրայի Հիսուն Քրիստոսի արձանիկն էին պոկել ու կոտրել։
Կարդացեք նաև
Երբ դուռը բացեցինք եւ ներս մտանք, տեսանք ոտնատակ արված նկարներ, կենտրոնում փակցված փայտե մեծ խաչը, որը նվիրաբերել էր մեր հավատացյալներից մեկը։ Խաչի վրա Հիսուս Քրիստոսի մոտ 70-80 սանտիմետրանոց գիպսե արձանն էր, որը կոտրված էր։ Այլ իրերը, սրբապատկերները կոտրված էին, ջարդուփշուր արված։ Ամեն ինչ խառնված էր։ Մատուռում շատ սրբապատկերներ կան։ Մարդիկ հաճախ են սրբապատկերներ բերում մատուռ։ Որոշ իրեր էլ իրենց տեղում չէին։ Դիմել ենք ոստիկանություն։
-Որքանո՞վ կարող ենք եզրակացնել, որ ներխուժումը ոչ թե մատուռի արժեքավոր գույք տանելու համար էր, այլ ուղղակի վանդալիզմ։
Տեր Թաթուլ-Կդժվարանամ եզրակացնել, թե ինչ հողի վրա են նման քայլի դիմել, բայց այս արարքը վկայում է, որ սա աղանդավորական քայլ է։ Ոչ թե աղանդավորի քայլ, այլ աղանդավորական, որովհետեւ երբ մարդ մտնում է սրբատեղի, ձեռք տալիս գանձանակին․․․արժեքավոր ոչինչ չեն տարել, վնասել են, կոտրել, ինչը խոսում է այն մասին, որ արարքն աղանդավորական է, այն դատապարտելի է։
-Այս առիթով ի՞նչ ուղերձ կհղեք հանրությանը։
Տեր Թաթուլ-Հատկապես այս օրերին իրար հանդեպ հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք, Աստծո սերն ու հավատն ունենանք։ Հուսանք՝ շատերը դարձի կգան եւ կհասկանան, որ նման արարքներով չէ, որ պետք է իրենց դրսեւորեն։ Ավելի բարձր եւ վսեմ, Աստծուն մոտ պետք է գտնվել այլ օրերին, երբ երկիրն ունի յուրաքանչյուրիս կարիքը, միաբանվողների, իմաստուն արարք գործողների կարիքը։
Թուխ Մանուկ մատուռը հայտնի սրբատեղի է եւ սիրված Արտաշատի տարածաշրջանի բնակիչների կողմից։ Քաղաքացիները շատ բացասական են արձագանքել այս միջադեպին՝ բարկացել են, վրդովվել։ Իրենց մատուռն է՝ Արտաշատ քաղաքի, կարելի է ասել, ամենահին ժողովրդական սրբատեղին է։ Շատ հրաշքներ են տեղի ունեցել այդ մատուռում, ժողովուրդը շատ է այն սիրում, եւ նման արարքով հարված է հասցվում հավատավոր ժողովրդի զգացմունքներին՝ մանավանդ այս օրերին, երբ բոլորս պետք է համախմբված լինենք, ոչ թե նման ցավալի արարքի ականատես լինենք։ Աստված դարձի բերի նման մարդկանց։
Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ