«Մենք կատարել ենք բացառապես մեր իրավունքներից բխող գործողություններ։ Մեր միջնորդությունները երբեւէ նույն հիմքով չեն ներկայացվել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրող-դատախազ Գեւորգ Բաղդասարյանի համոզմունքին, որ պաշտպանները դիտավորյալ չարաշահում են պաշտպանական իրավունքը՝ այդպիսով խոչընդոտելով ապացույցների հետազոտման փուլի մեկնարկին։ Արամ Վարդեւանյանը նշեց․ «Տեղեկատվական պատրանք են ստեղծում, թե դատական գործընթացը դանդաղ է։ Ցավում եմ, որ դատախազությունը նման մակարդակի մանիպուլյացիա կարող է թույլ տալ»։
Արամ Վարդեւանյանը պնդեց՝ պաշտպանական կողմը չի խուսափում ապացույցների հետազոտման փուլին անցնելուց․ «Ավելին։ Պատկերացրեք, որ երբ հրապարակվի մեղադրական եզրակացությունը, հնչելու են նախադասություններ, որ արհեստական կերպով երկրում մտցվել է արտակարգ դրություն եւ պահպանվել (նկատի ունի 2008թ․-ի իրադարձությունների ժամանակ․-խմբ․)։ Պատկերացրեք մեր իրականությունը։ Սեպտեմբերի 27-ից մինչեւ հիմա ռազմական դրության մեջ ենք։ Եվրոպայի խորհրդում չեք գտնի մի երկիր, որն այսքան ժամանակ ռազմական դրության մեջ է։ Ավելին՝ դեկտեմբերին հանվել են ռազմական դրության սահմանափակումները։ Հիմա հասկանո՞ւմ եք ինչի համար է ռազմական դրությունը՝ իրավական համակարգում վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթացը վերացնելու նպատակով։ Բա ինչո՞ւ դատախազությունը գործ չի հարուցում։ Մեկ էլ դատախազներին հարցրեք՝ Արայիկ Հարությունյանի ձայնագրության հետ կապված նորություն ունե՞ն։ Շա՜տ հետաքրքիր է»։
Հիշեցնենք, որ 2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման գործով (մեղադրյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրով, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյան) հերթական դատական նիստն այսօր հետաձգվեց՝ մեղադրյալներից Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ նույն ժամին նշանակված այլ նիստի մասնակցելու պատճառով, եւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նրա պահվածքը «չարամիտ» որակեց։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ