Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրան պետք է վերջ տրվի․ ինչո՞ւ պաշտպանները շահագրգիռ չեն»․ դատախազը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով պաշտպաններին

Փետրվար 23,2021 15:36

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման գործով (մեղադրյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրով, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյան) հերթական դատական նիստն այսօր հետաձգվեց՝ մեղադրյալներից Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ նույն ժամին նշանակված այլ նիստի մասնակցելու պատճառով, եւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նրա պահվածքը «չարամիտ» որակեց։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ այս գործով նիստերը տեւական ժամանակ հետաձգվում են եւ ապացույցների հետազոտման փուլն այդպես էլ չի սկսվում՝ Գեւորգ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ մեղադրյալների պաշտպանները ոչ թե իրենց իրավունքներն են իրացնում, այլ ոչ իրավաչափ շահ են հետապնդում։ «Մենք այս առիթով արդեն միջնորդություն ենք ներկայացրել դատարան։ Պաշտպանական կողմն ակնհայտորեն խանգարում է նաեւ այդ միջնորդության քննարկմանը։ Այսօր էլ նույն վարքագծի շարունակությունը եղավ։ Թեեւ պաշտպանները սրտնեղեցին, բայց վերահաստատում եմ՝ սա իրենց համակարգված եւ կազմակերպված վարքագիծն է»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Բաղդասարյանը։

Նկատառմանն ի պատասխան, թե որքան կարող է այս գործի ճակատագիրը նույնը մնալ, Բաղդասարյանը նշեց․ «Դրա համար միջնորդություն ենք ներկայացրել այն մասին, որ սա իրավունքի չարաշահում է, որին պետք է վերջ տրվի։ Հուսամ՝ գոնե հաջորդ նիստին այն կհրապարակվի։ Ինչո՞ւ պաշտպանական կողմը շահագրգիռ չի այս հարցում։ Մենք գիտենք, լավ կլինի՝ իրենք էլ ասեն»։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի մայր գործի ընթացքին առհասարակ, Գեւորգ Բաղդասարյանը, որը նաեւ գլխավոր դատախազի տեղակալն է, ասաց․ «Դա իմ համակարգման ոլորտում չէ, բայց կարող եմ ասել, որ հանրությանը տեղեկություններ տրամադրելու հիմքեր լինելու դեպքում դա կիրագործվի։ Վստահ եմ, որ եթե նախաքննությունը շարունակվում է, ուրեմն գործողություններ են ընթանում»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտած օրենսդրական փոփոխություններով՝ իրավունքի չարաշահումը պատժվելու է սանկցիայով, եւ այդ փաստի համատեքստում նաեւ այս քրեական գործն է նկատի առնվում, Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ իրավունքի չարաշահումը չարիք է առհասարակ․ «Հայաստանում էլ այդ հարցը պետք է մանրամասն կարգավորված լինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728