Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե շենքեր գրավեն, պետք է անվտանգության աշխատակիցները ԱԺ նախագահին տան, ասեն՝ սպանե՞ք, ոնց որ եղավ նոյեմբերի 9-ին». Ալեն Սիմոնյանը՝ Քոչարյանի՝ կրակելու սպառնալիքի մասին

Փետրվար 23,2021 15:20

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ եթե ընդդիմությունը խոսում է շենք-շինություններ գրավելու մասին, ապա պետք է հասկանան, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են եւ պետությունը կարող է կրակել:

Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ընդդիմության կողմից թե՛ գործողություններով, թե՛ հնչած բռնության կոչերով մենք շատ ծայրահեղ վիճակում ենք գտնվում: Ոնց որ ինձ նոր հետապնդում էիք, ես շատ կուզենամ, որ դուք նմանապես հետապնդեք ընդդիմության ընդհանուր թեկնածու Վազգեն Մանուկյանին, մյուսներին, այդ հարցադրումները տաք, որ ամեն հանրահավաքի ժամանակ բռնության, ապստամբության, շենքեր գրավելու կոչեր են լինում, խմբեր ձեւավորելու, պատգամավորներին, ոստիկաններին օր ու արեւ չտալու կոչեր են լինում: Այս ամեն ինչի հիմքը նախեւառաջ լուսաբանեք: Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանի ասածին, ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի գիշերը այն գործողությունները, որոնք տեղի ունեցան, ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թեւերի կողմից, դրանք կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ ու ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար, կառավարության շենքում աշխատակիցների նկատմամբ բռնություն տեղի չունենար: Չեն խոսում առկա բռնության մասին, խոսում են հայտարարությունը այս կամ այլ կերպ մեկնաբանելու մասին»:

Հարցին՝ հիմա կոշտացնելո՞ւ եք ձեր դիրքորոշումը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ պետք է գործեն օրենքի սահմաններում. «Այսօր ընդդիմության երթերը գլխավորողներից մեկը գիշերը ներխուժել էր «Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ եւ ջարդուխուրդ էր անում, այն մարդիկ, ովքեր այսօր միտինգներ են անում ու խոսում շենքեր գրավելու մասին, այն մարդիկ, որոնք մտել էին ՔՊ գրասենյակ ու ջարդուխուրդ էին անում, այդ մարդիկ օրենքի շրջանակում ստանալու են համապատասխան պատասխան»:

Գերասիմ Վարդանյանը, որը փորձել էր մտնել «Ազատության» գրասենյակ

Լրագրողները հիշեցրին՝ դուք էլ ժամանակին ռազմավարական օբյեկտ հանդիսացող ռադիոտան շենքը գրավեցիք, ձեր վրա կրակեցի՞ն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մեր հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որեւիցե բռնության կոչ չի եղել: Ռադիոտուն մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այս դեպքում նույնպես քրգործեր կհարուցվեն եւ իշխանությունը կգործի իր լիազորությունների շրջանակում: Ռադիոտուն մտնելիս, եթե չեք մոռանում, ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, վերջին պահին չի կիրառել, որովհետեւ տեսել են, որ մարդիկ տրամադրված չեն բռնության: Այն ժամանակ կար եթերի խնդիր ու ռադիոտունը համեմատել կառավարական առանձնատան, շենքեր գրավելու, «Ազատություն» ռադիոկայան մտնել, ջարդուխուրդ անելու հետ, համարում եմ անտեղի»:

Ինչպես էին Փաշինյանի կողմնակիցները մտել Հանրային ռադիո

Ալեն Սիմոնյանը հորդորեց ռադիոտան օրինակը չբերել այլեւս՝ համարելով դա թույլ հակափաստարկ, իսկ երբ հիշեցրին «Հայելի» ակումբի դեպքը, ասաց, որ ձվեր են նետել, գրասենյակ չեն մտել ու դա չի եղել իրենց կոչով ու հրահանգով, իրենք էլ են դատապարտել:

Aravot.am-ի հարցին՝ այսինքն, ի՞նչ է նշանակում՝ եթե պետական շենքեր գրավեն, կկրակենք, ժողովրդի վրա կրակելո՞վ եք սպառնում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անդրանիկ Քոչարյանի ստորակետի, վերջակետի հետեւից ընկնելու փոխարեն, ի մի բերելով՝ կարող եմ ասել, որ իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է ՀՀ-ում կարգուկանոնը եւ օրինականությունը: Եթե սրա հետ կապված որեւէ մեկը առարկելու բան ունի, պատրաստ եմ բանավիճելու»: Մենք հարցրեցինք՝ դուք ունակ եք կրակելո՞ւ ժողովրդի վրա՝ նա պատասխանեց. «Պետք չի սադրել: Հիմա եթե հարձակվեն ձեր վրա եւ ուզենան սպանեն, այո, ես կկրակեմ, որպեսզի ձեր կյանքը փրկեմ: Պատրա՞ստ եք դուք նման իրադարձությունների զարգացման»:

Մենք հարցրեցինք՝ հիմա Անդրանիկ Քոչարյանի հարցով արտահերթ նիստ չե՞ք հրավիրելու ու իրեն պաշտոնազրկեք, Սիմոնյանը հարցին հարցով պատասխանեց. «Ինչի՞ համար, որ ասել է՝ պետությունը, երբ հարձակվեն լրագրողի վրա, պաշտպանելո՞ւ է: Եթե շենքեր գրավեն, օրինակ, հարձակվեն իմ օգնականի, խոսնակի վրա, ԱԺ նախագահի վրա, պետք է անվտանգության աշխատակիցները ԱԺ նախագահին տան, ասեն՝ սպանե՞ք, ոնց որ եղավ նոյեմբերի 9-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728