2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման գործով (մեղադրյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրով, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյան) հերթական դատական նիստի մեկնարկին այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին տեղեկացրեց, որ դատարան է ստացվել մեղադրյալներից Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիմումն այն մասին, որ նույն ժամին վերաքննիչ քրեական դատարանում նիստի մասնակցելու պատճառով վերջինս չի ներկայացել եւ խնդրում է այս նիստը հետաձգել։
«Դատարանն աշխատակազմի միջոցով պարզել է, որ վերաքննիչ դատարանում նշանակված նիստը հետաձգվել է, ուստի Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները հասկանալի չեն։ Պարոն Գեւորգյան, տեղեկություններ ունե՞ք ձեր պաշտպանի բացակայության մասին»,-հարցրեց դատավորն Արմեն Գեւորգյանին։ Վերջինս պատասխանեց, որ ոչ։ Դատավորը որոշեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, ապա նիստը վերսկսվելուն պես տեղեկացրեց՝ չնայած վերաքննիչ քրեական դատարանում նիստը չի կայացել, Էրիկ Ալեքսանյանն, այնուամենայնիվ, այս նիստին չի ներկայացել, ուստի նրա վարքագիծը քննության առարկա կդառնա հաջորդ նիստում։
Մեղադրող-դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ պաշտպանի նման վարքագիծը չարամիտ է եւ կազմակերպված բնույթ է կրում պաշտպանական կողմից։ Մեղադրյալների պաշտպաններն էլ իրենց հերթին ասացին, որ իրենց գործընկերոջ վարքագիծը «չարամիտ» որակելու հիմքեր չկան, առավել եւս, երբ նա դեռեւս նախորդ նիստում էր դատարանին տեղեկացրել, որ այս նիստին չի կարողանա ներկայանալ։
Կարդացեք նաև
Մեղադրյալ Արմեն Գեւորգյանն էլ իր հերթին ասաց դատավորին․ «Իմ պաշտպանն արդեն իսկ հայտարարել էր, որ չի կարող այսօր նիստի մասնակցել եւ դիմում է ներկայացրել այդ մասին, խնդրել հրատապ նիստ նշանակել։ Ես մեջբերեմ միայն դատական օրենսգրքի հոդվածներից մեկը, որով դատավորն ի պաշտոնե գործելիս պետք է այնպիսի վարքագիծ դրսեւորի, որպեսզի չլինեն նրան նոր բացարկ հայտնելու հիմքեր։ Խնդրում եմ՝ թյուրիմացության մեջ չգցել ներկաներին։ Պետք չէ ասել, որ նա չարամտորեն չի ներկայացել»։ Նիստը հետաձգվեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ