Վրաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային: Ըստ երկրի ՆԳՆ-ի՝ հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է ավելի քան 20 մարդ:
«Չնայած նախարարության բազմաթիվ զգուշացումներին, կուսակցության գրասենյակում հավաքվածները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և դիմադրություն են ցույց տվել ուժայիններին: Հետևաբար, ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար օրենքով սահմանված համաչափ ուժ և հատուկ միջոցներ է կիրառել»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ընդդիմության ներկայացուցիչները կոչ են արել իրենց կողմնակիցներին դուրս գալ բողոքի ցույցի: «Ղարիբաշվիլին թե՛ իր, թե՛ Բիձինա Իվանիշվիլիի համար ընտրել է քաղաքական գերեզմանը: Այս ամենը շուտով կավարտվի: Նիկա Մելիան ազատ կարձակվի, և մենք կհաղթենք»,- լրագրողներին ասել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Զաալ Ուդումաշվիլին:
«Մեծ ամոթ կլինի երկրում Իվանիշվիլի-Ղարիբաշվիլի կոմիկ բռնատիրության հաստատումը»,- ասել է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Կարդացեք նաև
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան էլ Մելիայի ձերբակալությունն անվանել է ամոթալի:
«Ավելի ամոթալի բան չէր կարող տեղի ունենալ փետրվարի 23-ին, քան ընդդիմադիր կուսակցության գրասենյակում ստուգումները և ընդդիմության առաջնորդի ձերբակալությունը, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի արևմտյան աշխարհից Վրաստանի օտարացմանը»,- իր հայտարարության մեջ ասել է Լոմջարիան:
Իր հերթին Վրաստանի իշխող կուսակցությունը Մելիայի ձերբակալությունը համարում է «օրինակելի գործողություն»: «Շնորհակալ եմ ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին յուրաքանչյուր ոստիկանի համար, այն բանի համար, որ ապահովել է բավականին բարդ օրինակելի գործողություն առանց պաշտոնեական լիազորությունների որևէ չարաշահման»,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ