Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե ժողովուրդն ուզի՝ կգնա իշխանությունից, ուստի այսօր հարցին՝ փետրվարի 20-ի ընդդիմության հանրահավաքը բավականին բազմամարդ էր, դա ժողովո՞ւրդ չէր՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հանրահավաքին հավաքված էր ժողովուրդը ու հարգանքով է վերաբերվում ժողովրդին, բայց ՀՀ ամբողջ տարածքով մեկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է. «ՀՀ որեւէ ղեկավար այդքան բարձր վարկանիշ չի ունեցել իր ղեկավարման ընթացքում, որքան ունի այսօր Նիկոլ Փաշինյանը: Թերեւս կարելի է 90-ականների սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրության հետ կապված վարկանիշի հետ համեմատել»:
Իսկ թե ո՞նց են չափել Փաշինյանի վարկանիշը, ինչի՞ վրա են հիմնվում՝ «Գելափի» հարցումների՞՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ միայն «Գելափի», կան այլ հարցումներ ու անձնական շփումներն էլ են դա վկայում. «Նույնիսկ ընդդիմությունը դա գիտի ու դա էր հիմնական պատճառը, որ ընդդիմությունը չհամաձայնեց գնալ ընտրությունների»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ «ամեն հանրահավաքի ժամանակ բռնության, ապստամբության, շենքեր գրավելու կոչեր են լինում, խմբեր ձեւավորելու, պատգամավորներին, ոստիկաններին օր ու արեւ չտալու կոչեր են լինում»: Aravot.am-ը հարցրեց՝ իսկ ինչո՞ւ եք վատ զգում, որ ասում են՝ ձեզ օր ու արեւ չենք տալու, դուք էլ ժամանակին ՀՀԿ պատգամավորներին օր ու արեւ չէիք տալիս, դագաղ, ծաղկեպսակ, ինչ ասես արել եք, պատգամավորների մամաների ճնշումները բարձրացել էին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մամաների ճնշումները չեմ կարող ասել: Նախ, դուք սխալ եք մեկնաբանում իմ ասածը, քաղաքական պայքար է, դա ընդունելի է՝ ելույթներ, հարցազրույցներ, երթեր: Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքին, հենց նույն ժամանակահատվածի տեսանյութ կա իմ էջում հրապարակված, որտեղ ես դատապարտում եմ ու կոչ եմ անում նման քայլի չգնալ: Բայց դրա մասին ոչ մեկը չի ուզում խոսել, ավելի հեշտ է ասել՝ դուք էիք այդպիսի բաներ անում: Բա ինչի՞ չեք ասում՝ 2018-ին հեղափոխության ժամանակ ձեր նշած մամաների ճնշումը բարձրացնելու ժամանակ գործողությունների հետ կապված կարկառուն դեմքերից մեկը կոչ է արել, ասել է՝ մի արեք: Որեւէ մի կողմից դա անընդունելի է, վիրավորանքներ հնչեցնել, սպառնալիքներ հնչեցնել»:
Կարդացեք նաև
Ընդդիմադիրները իշխանություններին երեկ ասում էին՝ «կրակող էիք, թուրքի վրա կրակեիք», ոչ թե սպառնայիք ժողովրդին, Ալեն Սիմոնյանը սա մեկնաբանեց այսպես՝ ասելիք չունեն, փորձում են իրավիճակը սրել. «Երբ որ պատգամավորների համարներն են հրապարակում եւ Ռուսաստանից ինչ-որ մարդիկ, ՀՀ-ից ինչ-որ մարդիկ փորձում են զանգել, գալիս են շենքերի մոտ հավաքվում են, թող այդպես նույն դուխով գնան, օրինակ, ՌԴ-ում ադրբեջանցիների տների մոտ հավաքվեն, գնային սահման»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ