Փետրվարի 22-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման օրակարգի առանցքում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերն էին:
Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և արցախահայության սոցիալական կարիքների հասցեագրման համատեքստում զրուցակիցները կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը:
Հրատապ հումանիտար հարցերի առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձումը:
Կարդացեք նաև
Նախարար Այվազյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը համակարծիք էին, որ խաղաղ կարգավորման առանցքային հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակը, պետք է հասցեագրվեն բացառապես բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և խաղաղ գործընթացին, որը բերելու է հիմնախնդրի կայուն և արդար հանգուցալուծման:
Նախարար Այվազյանը նաև ընդգծեց վերջին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաբովանդակ օրակարգի շուրջ:
Երկուստեք գոհունակություն հայտնեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Նախարար Այվազյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը:
ՀՀ ԱԳՆ