Aravot.am-ը Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի` մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանից մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան այն գրառման վերաբերյալ, որտեղ նա հայտնում էր Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռի` Իրանում հայտնվելու մասին:
«Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թույլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:
Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ»,- գրել էր Սուրեն Սարգսյանը:
Լիլիթ Աղաբեկյանը հայտնեց, որ խնդրի վերաբերյալ պարզաբանում կներկայացնեն Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում, մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ, եւ այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Կարդացեք նաև
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ՖԲ էջում հաղորդվում է. «2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ