Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ամերիկան վերադարձել է». ի՞նչ է դա խոստանում մեր տարածաշրջանին

Փետրվար 23,2021 22:00

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը Մյունխենյան անվտանգության կոնֆերանսին ելույթ ունեցավ առաջին արտաքին քաղաքական ճառով, որն առաջին հերթին հասցեագրված էր եվրոպացի դաշնակիցներին։

Թրամփի «եվրոսկեպտիկ», մեղմ ասած, եթե չասենք խայտառակ՝ ժամանակաշրջանը մեծ ավերածություններ է գործել տրանսատլանտյան դաշինքում, եւ այդ իմաստով երկխոսությունը վերսկսելու համար Բայդենի վարչակազմի մեկնարկային դիրքերը լավագույնը չեն։ Սակայն, ակնհայտ է նաեւ, որ Եվրոպայի առաջնորդները մեծ սպասումներ ունեն Վաշինգտոնից։

«Ամերիկան վերադարձել է։ Տրանսատլանտյան դաշինքը վերադարձել է», – հանդիսավոր կերպով հայտարարում է նախագահ Բայդենը։

Վաշինգտոնի գլխավոր ուղերձները հետեւյալն են.

– Տրանսատլանտյան դաշինքն ամուր հիմք է, ամուր հիմք, որի վրա կառուցվում են ԱՄՆ եւ ԵՄ կոլեկտիվ անվտանգությունը եւ ընդհանուր բարգավաճումը։ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցելու է ԵՄ գործընկերների եւ ողջ մայրցամաքի երկրների հետ, Հռոմից Ռիգա՝ բոլորի առաջ կանգնած մի ամբողջ շարք ընդհանուր խնդիրների լուծման նպատակով։

– Ինչպես եւ նախկինում, մենք սատարում ենք միասնական, ազատ եւ խաղաղ Եվրոպայի ստեղծման նպատակը։ ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի դաշինքին, ԱՄՆ-ը ողջունում է ռազմական ներուժի մեջ Եվրոպայի կողմից ներդրված միջոցների ավելացումը, ինչն ապահովում է ընդհանուր պաշտպանությունը։

– Իրաք եւ Աֆղանստան. ԱՄՆ եւ Եվրոպան չպետք է թույլ տան, որպեսզի այդ երկրները կրկին դառնան աշխարհին սպառնացող միջազգային ահաբեկչության կենտրոններ այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների կողմից, ինչպիսին են Ալ-Քաիդան եւ «Իսլամական պետությունը»:

– ԱՄՆ-ը նախաձեռնելու է բազմակողմ գործողություններ, ուղղված COVID-19-ի, գլոբալ տնտեսական ճգնաժամի, արագացող կլիմայական ճգնաժամի եւ բազում այլ սպառնալիքների դեմ:

– Այդ նպատակներին հասնելը կախված է լինելու առանցքային ռազմավարական խնդրի լուծումից, մասնավորաբար. ԱՄՆ-ը պետք է վերականգնի անբեկանելի ամերիկյան առավելությունները, որպեսզի կարողանա օրվա մարտահրավերներին պատասխանել ուժի դիրքերից։ Դա նշանակում է. երկրի տնտեսական հիմքերի ամրապնդում, միջազգային ինստիտուտներում ԱՄՆ դերի վերականգնում, սեփական արժեքների վեհացում երկրի ներսում եւ ամբողջ աշխարհում դրանց պաշտպանություն, երկրի ռազմական ներուժի արդիականացում եւ, միաժամանակ, առաջնորդություն դիվանագիտական ասպարեզում, դաշինքների եւ գործընկերությունների ամերիկյան ցանցի վերածնունդ, որոնց շնորհիվ աշխարհը դարձել է ավելի անվտանգ բոլոր մարդկանց համար:

– Եկել է բեկումնային պահը նրանց միջեւ, ով պնդում է, թե բոլոր խնդիրների ֆոնին, չորրորդ արդյունաբերական հեղափոխությունից մինչեւ գլոբալ համավարակ՝ ավտոկրատիան զարգացման լավագույն ուղին է, եւ նրանց, ով հասկանում է, որ անհրաժեշտ է ժողովրդավարություն՝ անհրաժեշտ է այդ խնդիրների լուծման համար:

– ԱՄՆ-ը պետք է հակազդի Չինաստանի կառավարության տնտեսական չարաշահումներին՝ նրանց կողմից կիրառվող պարտադրանքի մարտավարությանը, ինչը սասանում է միջազգային տնտեսական համակարգի հիմքերը։ Բոլորը՝ բոլորը պետք է խաղան նույն կանոններով:

– Կրեմլը գրոհում է ժողովրդավարությունները եւ օգտագործում է կոռուպցիան որպես գործիք, փորձելով խափանել ժողովրդավարությունների կառավարման համակարգերը։ Պուտինը ձգտում է թուլացնել Եվրոպական նախագիծը եւ ՆԱՏՕ-ի դաշինքը։ Նա ցանկանում է խափանել տրանսատլանտյան միասնականությունը եւ վճռականությունը, քանզի Կրեմլին շատ ավելի հեշտ է վախեցնել եւ սպառնալ առանձին պետություններին, քան բանակցել հզոր եւ սերտորեն միախմբված տրանսատլանտյան ընկերակցության հետ:

– Այդ իսկ պատճառով Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինչպես եւ նախկինում՝ կենսականորեն կարեւոր է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համար։ Այդ իսկ պատճառով է, որ պայքարն ամենաթողության դեմ, Ռուսաստանի ամենաթողության եւ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում նրա հաքերային հարձակումների դեմ՝ դարձել է հույժ կարեւոր ԱՄՆ եւ Եվրոպայի կոլեկտիվ անվտանգության պաշտպանության համար:

– Խնդիրն ամենեւին էլ Արեւելքն Արեւմուտքին հակադրելը չէ։ Խնդիրը նաեւ այն չէ, որ ԱՄՆ-ը հակամարտություն է ցանկանում։ ԱՄՆ-ը ցանկանում է ապագա, որտեղ բոլոր ժողովուրդները կկարողանան ազատորեն ընտրել իրենց սեփական ուղին՝ առանց բռնության եւ պարտադրանքի սպառնալիքի։ ԱՄՆ-ը չի կարող եւ չպետք է վերադառնա Սառը պատերազմի ժամանակների ռեֆլեքսիվ հակազդեցությանը եւ կոշտ դաշինքներին։ Մրցակցային պայքարը չպետք է խոչընդոտի համագործակցությանն այն հարցերում, որոնք վերաբերում են բոլորին:

– ԱՄՆ-ը հայտարարել է 5+1 խմբի հետ իրանական միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ-ը նաեւ պետք է զբաղվի Մերձավոր Արեւելքում Իրանի ապակայունացնող գործունեության հիմնախնդրով եւ աշխատելու է սերտորեն համագործակցելով եվրոպացի եւ այլ գործընկերների հետ։

Անցած մեկ ամսվա ընթացքում Վաշինգտոնն ընդհանուր առմամբ ուրվագծել է իր դիրքորոշումները եւ «կարմիր գծերը» նաեւ Հայաստանի համար առանցքային կարեւորություն ունեցող երեք երկրների նկատմամբ՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի։ Թուրքիայի հետ, ըստ էության, որեւէ առեւտուր Վաշինգտոնը չի նախատեսում, դիրքորոշումը հստակ է. կա՛մ ռուսական զենքը դնում եք մի կողմ եւ «վերադառնում տուն», կա՛մ կլինեն «հետեւանքներ», մարդու իրավունքների ամենավայրենի խախտումների հետ կապված «փաթեթն» էլ վերադիր, ինչը միանգամայն համահունչ է նաեւ Փարիզի վերաբերմունքին։

Իրանի ուղղությամբ, ինչպես տեսնում ենք, Վաշինգտոնը ձգտում է դռներն առավելագույնս բաց պահել եւ վերադարձնել 5+1-ի եւ Իրանի միջեւ գործարքը, որից սկսած, որպես մեկնակետ, փորձել վերախմբագրել Թեհրանի մերձավորարեւելյան քաղաքականությունը, իսկ ավելի կոնկրետ՝ նվազագույնի հասցնել Իրանի ազդեցությունը Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում։ Հայտնի է նաեւ, որ ԱՄՆ-ը մտադիր է ռազմաբազա հիմնել Իրաք-Սիրիա-Թուրքիա սահմանագծին, որտեղ քրդական, իսկ ավելի ճիշտ՝ քուրդ-ամերիկյան վերահսկողություն է։
Ռուսաստանի հետ կապված ամեն բան արդեն իսկ թվում է միանգամայն պարզ. զսպում, երկխոսություն ուժի դիրքերից, համագործակցություն միայն սահմանափակ ծավալով՝ սահմանափակ թվով հարցերում, պատժամիջոցների ընդլայնում, կապված ոչ միայն Ուկրաինայի, այլեւ բազմաթիվ այլ խնդիրների հետ՝ Նավալնի, քիմիական զենք, կոռուպցիա, միջամտություն ԱՄՆ եւ դաշնակիցների ներքին գործերին եւ այլն, ինչպես նաեւ՝ համապատասխան «պատիժ», երբ հատվեն «կարմիր գծերը»։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա ակնհայտ է, որ օբյեկտիվորեն՝ վերոնշյալ քաղաքական ուրվագծերը շեշտակիորեն բարձրացնում են մեր տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը եւ արժեքը։ Սակայն դեռ հստակ առաջնահերթությունների եւ քայլերի ալգորիթմի առումով հստակությունը բավարար չէ։ ԱՄՆ-ը վերահաստատել է իր պարտավորությունների հանձնառությունը Վրաստանի հետ կապված, եւ Թբիլիսիում վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնին Վաշինգտոնից բավականին հստակ բարձրաձայնվեց, թե ինչ ակնկալիքներ կան եւ ինչն է անթույլատրելի, սակայն ոչ ավելին։ Համենայնդեպս, բաց է մնում այն հարցը, թե որքան է Վրաստանը սպասելու Վաշինգտոնի պատասխանին՝ երբ դեկտեմբերին ուղիղ տեքստով հարց դրվեց երկրում ամերիկյան ռազմական ներկայության անհրաժեշտության մասին, իսկ այն ժամանակվա պետքարտուղար Պոմպեոն Թբիլիսիում ոչինչ չասաց։

Առայժմ Վաշինգտոնում ուղղակիորեն չեն անդրադառնում Ադրբեջանին եւ այն կառավարող հորդայական բռնապետին՝ իր «առաջին փոխնախագահ» տիկնոջ հետ, որը դեռ նավթային եւ «հաղթական» թմբիրի տակ է եւ հանցավոր պատերազմից հետո «դափնեպսակը» վայելում է Էրդողանի հետ միասին։ Սակայն, թե նախագահ Բայդենի ելույթում համատեքստը, թե ԱՄՆ Կոնգրեսի՝ ավելի քան հարյուր անդամի համատեղ նամակը, ուղղված պետքարտուղար Բլինքենին եւ Պենտագոնի ղեկավար Օսթինին, վկայում են ամերիկյան իսթեբլիշմենթում առկա տրամադրությունների մասին։

Մեծ հաշվով, Վաշինգտոնը կարիքը չունի ոչ իրենց նավթի, ոչ էլ խավիարի, եւ չունի որեւէ պատրանք՝ ադրբեջանական «ժողովրդավարության» հետ կապված, մանավանդ, երբ Բաքվում վաղուց են փակված թե՛ ամերիկյան հիմնադրամները, թե՛ «Ազատություն» ռադիոկայանի բյուրոն։ Ավելին, կոնգրեսականները նախագահից եւ կառավարությունից ակնկալում են Հայաստանի եւ Արցախի մասշտաբային սատարում, ժողովրդավարության սատարում, պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ նրանց շրջապատի, 907 բանաձեւի ապասառեցում եւ ռազմական համագործացության դադարեցում, Արցախի ինքնորոշման ճանաչում եւ կարգավիճակի վերջնական հստակեցում, նախագահ Բայդենից՝ Հայոց ցեղասպանության հրապարակային ճանաչում եւ այլն։ «Միացյալ Նահանգները չեն կարող թույլ տալ Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին միայնակ թելադրել եւ գերիշխել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա», – ասված է կոնգրեսականների հայտնի նամակում։

Անշուշտ, Ատլանտյան օվկիանոսից այն կողմ բարձրացած քամին, որը ճանապարհվել է դեպի մեր տարածաշրջան՝ համընթաց է հայկական շահերին, սակայն բաց է մնում մի հարց, թե որքանո՞վ է ամուր մեր կոտրված նավակայմի վրայի առագաստը, որպեսզի ընթացք հաղորդի եւ փակուղուց հանի մեր նավին։ Ակնհայտ է նաեւ, որ որքան էլ դրական լինեն ազդակները եւ բարձրաձայնած մտադրությունները՝ կարեւորը գործողություններն են։ Համենայնդեպս, մեզ համար «լակմուսը» եղել եւ մնում է Վրաստանը, որ ոչ միայն ճանապարհ է դեպի Արեւմուտք, այլեւ կարեւորագույն կռվան՝ մեր քաղաքական շահերն իրականություն դարձնելու համար։ Իհարկե, հուսադրող է նաեւ Իրանի ուղղությամբ հնարավոր ճեղքումը, որը կարող է հնարավոր դարձնել Պարսից ծոց-Սեւ ծով մեգանախագիծը։

Սակայն բոլոր հնարավորությունների բանալին Հայաստանի ներսում է. Ամերիկան կարող է աջակցել, բայց Հայաստանի ներսում մեր փոխարեն չի պայքարելու կոռուպցիայի, կրիմինալի, ժողովրդավարության բացահայտ հակառակորդների դեմ, չի չեզոքացնելու մեր ինքնիշխանության դեմ դավադրություններ կազմակերպողներին եւ հիբրիդային պատերազմի տեղական պրոքսիներին, չի հաղթահարելու գավառամտությունը, մտքի ծուլությունը եւ հիմարությունը, եթե ոչ միայն իշխանությունը, այլեւ քաղաքական դասը եւ հանրությունը չգիտակցեն ազատ եւ անկախ պետականության պահպանման բացարձակ առաջնահերթությունը։

Միայն այդ պարագայում է, որ հնարավոր է եւ իմաստ ունի խոսել իրական բարեփոխումների, օրինականության եւ օրենքի գերակայության, արդարադատության, ժողովրդավարության, գիտության եւ կրթության, ընդհանրապես զարգացման եւ քաղաքակրթության մասին։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728