Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներն արդեն կարող են դիմել դատարան՝ խնդրելով անհայտ բացակայող ճանաչել իրենց հարազատին. Վարուժան Ավետիքյան

Փետրվար 23,2021 13:06

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները փետրվարի 10-ից սկսած կարող են դիմել դատարան՝ խնդրելով անհայտ բացակայող ճանաչել իրենց հարազատին: Այսօր այս մասին ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նա «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացրեց հիմնադրամի կատարած աշխատանքը եւ թե քանի շահառու է մինչ այս պահը հատուցում ստացել: Վարուժան Ավետիքյանի խոսքով, անհայտ կորած զինծառայողների հարազատները դատարան դիմելու համար կարող են անվճար օգտվել Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից, որի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հիմնադրամի տնօրենի տվյալներով, այս պահին կա 1600 անհայտ կորած, բայց այդ թիվը գնալով նվազում է, քանի որ կան անհայտ կորածներ, որոնք, պարզվում է՝ գերության մեջ են եւ վերադառնում են: Պարոն Ավետիսյանի խոսքով, ոմանց մարմիններն են գտնվում եւ նրանք դադարում են լինել անհայտ կորած:

Անդրադառնալով հատուցումներին՝ պարոն Ավետիքյանն ասաց, որ արցախյան վերջին պատերազմից մինչ այս պահը հիմնադրամը սպասարկում է 1111 ընտանիքի, որոնց տրամադրվել են շուրջ 12 միլիարդ դրամի հատուցումներ: Սակայն յուրաքանչյուր շաբաթ այդ թվերը մի քանի հարյուրով աճում են: Հիմնադրամը պարտավորությունը ստանձնում է 20 տարով:

«Կամուրջ» ծրագրով, որը վերաբերում է անհայտ կորած զինծառայողներին, հիմնադրամը կատարել է 803 ընտանիքի հատուցումներ: Դրանք վեց ամիս ժամկետով են՝ ամսական 300 հազար դրամ: Հիմնադրամի տնօրենն ասաց՝ երբ անհայտ կորած անձը դատարանի որոշմամբ կճանաչվի անհայտ բացակայող, ընտանիքը կստանա միանվագ 10 միլիոն դրամ, որից կնվազեցնեն այդ վեց ամսվա վճարումները եւ մնացած գումարը կտրամադրեն: Նրա խոսքով, ծանր վիրավորում ստացած 55 զինծառայող յուրաքանչյուր ամիս ստանում է 300 հազար դրամ:

Մինչ այսօր հիմնադրամ փոխանցված գումարները կազմել են 32 միլիարդ դրամ: Վարուժան Ավետիքյանն ասաց, որ 60 երկրներից էլ շուրջ ինը 9 միլիարդ դրամի նվիրաբերություններ են ստացել: Այդ գումարից 7,5 միլիարդը ստացել են վերջին պատերազմից հետո:

Ստեղծման օրվանից մինչ այս պահն, ըստ պարոն Ավետիքյանի, հիմնադրամը սպասարկում է 1528 ընտանիքների, որից 1111-ը վերջին պատերազմից հետո են ընդգրկվել հատուցումների ցանկում:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Պետբյուջեի հետ համաֆինանսավորմամբ էլ հատուցում է 2008-2016 թվականներին զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Մինչ այս պահը կատարել են շուրջ 14 միլիարդ դրամի հատուցումներ: Ֆինանսական հատուցումները կատարվում է միանվագ՝ 5 կամ 10 միլիոն դրամի չափով, ինչպես նաեւ վճարման եղանակով՝ ամսական 100-ից 300 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728