Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության շենքի դիմաց անհնազանդության գործողություններ անող տասնյակ քաղաքացիների, որոնք անգամ չէին էլ սկսել իրենց գործողությունները, ոստիկանները բերման ենթարկեցին:
Նշենք, որ ցուցարարները ցանկանում էին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը ՀՀ կառավարություն:
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը փաստեց՝ այնքան ոստիկանների են մոբիլիզացրել, որ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գնալ աշխատավայր:
Ցուցարարները հայտարարում են, որ ՀՀ կառավարության շենքը հսկում են դիպուկահարներ. «Նիկոլ Փաշինյանն ամեն օր պիտի գիտակցի, որ միասին այս երկրի օդը շնչելու հնարավորություն չկա, կա մեկ ճանապարհ՝ հեռանալ: Հազարավոր ոստիկաններ գնալու են տուն, երեխաները, կանայք են նայելու երեսներին, նրանց աշխատանքը քանի՞ կոպեկի արժեք ունի: Ասում են՝ տուն ենք պահում. էսպե՞ս են տուն պահում»:
Խոսելով ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ եթե շենքեր գրավեն, պետությունը կարող է կրակել՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Տեսնենք իրենց կրակոցները: Ուղղակի երեք չէ առաջին օրը, քանի որ նա Ազատություն ռադիոկայանում իրեն զգում էր՝ որպես սեփական բնակարանում, մի քիչ լեզվին զոռ տվեց ու անկեղծացավ: Քաղաքացին պիտի հասկանա, որ իրենց աթոռի համար պատրաստ են կրակել, ինչպես ժամանակին պատրաստ էին իրենց իշխանության համար գյուլլի բերան ուղարկել հազարավոր քաղաքացիներ: Այստեղ կանգնած տղաներից շատերը Անդոյի փամփուշտներ չէ, որ տեսել են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ