Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունենք ազգային գաղափարախոսություն, եթե ունենք էլ, ապա այնտեղ հստակեցված չէ, թե ով է մեր թշնամին, ում ենք մենք պարտվել». Խաչատուր Գասպարյան. «Փաստ»

Փետրվար 23,2021 12:30

Հիմա, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է հոգեբանորեն կայուն և առողջ հասարակություն, որը խորապես կգիտակցի, թե ինչ է տեղի ունեցել երկրում, և որոնք են այս իրավիճակից դուրս գալու ելքերը։

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշում է՝ այս դեպքում ամենագլխավոր հարցերից մեկը հասարակության հոգեկրթումն է։ «Մարդը պետք է առաջին հերթին գիտակցի իր զգացումները, որովհետև հաճախ բոլորս մեր ներքին տագնապները, չլուծված խնդիրները նետում ենք ուրիշների վրա։ Հասարակությանը հոգեկան առողջության տեսանկյունից պետք է դարձնենք ավելի գրագետ։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրավմաների արդյունքում մարդիկ դառնում են ավելի կոնֆլիկտային»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը։ Նշում է՝ բանալի հարցերից մեկն էլ հետևյալն է՝ իսկ ո՞վ է մեր թշնամին։ «Մենք թշնամու հստակեցված կերպար չունենք և հաճախ թշնամի փնտրում ենք մեր մեջ, որովհետև այդ էներգիան պետք է պարպենք։ Մենք մեծաթիվ զոհեր ենք ունեցել, տարածքներ ենք կորցրել։ Երկու տասնամյակից ավելի մենք հաղթողի կարգավիճակում էինք, հիմա անցել ենք հակառակ՝ պարտվողի կարգավիճակ։ Չունենք ազգային գաղափարախոսություն, եթե ունենք էլ, ապա այնտեղ հստակեցված չէ, թե ով է մեր թշնամին, ում ենք մենք պարտվել»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ բացասական ինֆորմացիան տագնապային կուտակումներ է առաջացնում՝ ապագայի անորոշություն, հուսահատություն, երեխաների համար մտահոգվածություն։

Իսկ որո՞նք են այս հուսահատության ու տագնապի հաղթահարման ճանապարհները։ «Հաղթահարելու ճանապարհը հոգեկան առողջության ազգային ռազմավարության մշակումն է, որը չունենք։ Ավելին՝ չունենք անգամ հոգեկան առողջության օրենք, միայն հոգեբուժության մասին օրենք կա»,-ասում է Գասպարյանը։

«Ժամանակն է ոչ թե երազել, այլ կերտել ապագան, և դրա համար պետք է հաշիվ տանք մեզ, թե ինչ ունեինք, ինչ ունենք այսօր և ինչ ենք ուզում ազգովի։ Սա շատ կարևոր է»,-եզրափակում է Խաչատուր Գասպարյանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728