Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում հաստատել են կառավարության կազմը Ղարիբաշվիլիի գլխավորությամբ. ընդդիմության համար դա «վատագույն որոշում» է

Փետրվար 23,2021 12:34

Վրաստանի խորհրդարանը երկուշաբթի արտահերթ նիստում վստահություն է հայտնել նոր կառավարությանը՝ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ: Ղարիբաշվիլին, որը մինչ այդ գլխավորում էր պաշտպանական գերատեսչությունը, երկրի վարչապետի պաշտոնում պաշտոնավարել էր նաև 2013-2015թթ:

Վարչապետի թեկնածուի ներկայացրած կառավարության ծրագիրը և կառավարության կազմը, որտեղ միայն երկու նախարար է փոխվել, պաշտպանել են 89 պատգամավոր, երկու խորհրդարանական դեմ է արտահայտվել:

Քվեարկությանը չէր մասնակցում նորընտիր ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը: Նրանք հրաժարվում են աշխատել խորհրդարանում՝ համարելով, որ նախորդ տարվա հոկտեմբերի 31-ի ընտրությունները կեղծված են, և պահանջում են նոր ընտրություններ:

Ղարիբաշվիլին նոր պաշտոնում փոխարինել է Գեորգի Գախարիային, որը հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ դատարանը որոշեց կալանավորել խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային: Ղարիբաշվիլիին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի նրա արդեն նախկին տեղակալ Ջուանշեր Բուրչուլաձեն:

Նոր նախարարներից մեկն էլ Իրակլի Կարսելաձեն է, որը կգլխավորի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ էր պատգամավորների մեծամասնության աջակցությունը, այսինքն` առնվազն 76 ձայն:

Ընդդիմադիրները չեն բացառում, որ Ղարիբաշվիլիի գլխավորած նոր կառավարության առաջին քայլերից մեկը կլինի Նիկա Մելիային կալանավորելու փորձերը:

«Վատագույն որոշում»

Ղարիբաշվիլին համարվում է իշխող կուսակցության նախկին առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ամենահավատարիմ կադրերից մեկը: Ընդդիմությունը Ղարիբաշվիլիի առաջադրումն անվանում է իշխող կուսակցության «վատագույն որոշումը» Վրաստանում լարված քաղաքական իրավիճակի և ճգնաժամի ֆոնին:

Ղարիբաշվիլին միշտ աչքի է ընկել ընդդիմադիրների հասցեին ագրեսիվ հռետորաբանությամբ, օրենսդիր մարմնում իր ելույթի ժամանակ հաստատել է, որ իր քաղաքականության հիմնական ուղղությունը կլինի ընդդիմադիրներին հետապնդելը:

Խորհրդարանում իր ելույթի ժամանակ Ղարիբաշվիլին ընդդիմադիրների հասցեին օգտագործել է կոշտ հռետորաբանություն և «Միասնական ազգային շարժումն» անվանել ապակառուցողական ուժ:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ իշխանությունները պատրաստ են երկխոսության «կառուցողական տրամադրված» ընդդիմության հետ, որը ցանկանում է հեռանալ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ապակառուցողական քաղաքականությունից և «նրա նշանակած հանցագործներից»:

Մելիայի հասցեին այդ եզրի օգտագործումը նա բացատրել է «Քարթու» բանկի գործով դատարանի որոշմամբ: 2019թ. Թբիլիսիի քաղաքային դատարանը Մելիային մեղավոր էր ճանաչվել այդ գործով պաշտոնեական լիազորությունների չարաշահումների մեղադրանքով:

Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել էին, որ պատրաստ են հետաձգել փետրվարի 25-ին հայտարարված իրենց ցույցը, որպեսզի շարունակեն բանակցություններն իշխանությունների հետ արևմտյան դիվանագետների միջնորդությամբ:

Սակայն Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ իրենք կտրականապես հրաժարվում են ցանկացած բանակցությունից, որ վերաբերում է արտահերթ ընտրություններին, իսկ դա ընդդիմության առանցքային պահանջներից մեկն է:

«Այդ հարցը փակված է և չի քննարկվում»,- ասել էր Ղարիբաշվիլին:

«Կալանքի սպառնալիքի տակ»

Ընդդիմադիրները չեն բացառում, որ կառավարության հաստատումից հետո իշխանությունների առաջին քայլը կլինի Նիկա Մելիայի կալանավորումը:

Փետրվարի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը՝ խստացնելով նրա խափանման միջոցը և որոշում ընդունելով կալանավորել Մելիային:

Նա մեղադրվում է 2019թ. հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ խմբակային բռնի գործողությունների կազմակերպման և մասնակցության մեջ:

Դատարանի որոշմանը, սակայն, կալանավորում չի հաջորդել:

Հենց Մելիայի կալանավորման հարցում տարաձայնություններն էլ, ըստ նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի, դարձել են իր հրաժարականի պատճառը: Գախարիայի հրաժարականից հետո Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց, որ դատարանի որոշման կատարումը ժամանակավորապես հետաձգվում է:

Մինչդեռ խորհրդարանում «Վրացական երազանք» խմբակցության նիստին  իր ելույթում Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Մելիան պետք է կալանավորվի:

«Պարոն Մելիան, չնայած ցանկացածը, տվյալ դեպքում ազգանունը կարևոր չէ, ուր էլ որ նա թաքնվի, չի կարող թաքնվել արդարադատությունից: Օրենքը պետք է կատարվի, և կկատարվի, ինչպես որ ենթադրվում է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Ընդդիմությունը, սակայն, շարունակում է հերթապահություն կատարել «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում: Նրանք խոստանում են դիմադրություն ցույց տալ, եթե իշխանությունները փորձեն կալանավորել Մելիային:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728