Ընդդիմությունը պատրաստվում է ուժեղացնել փողոցային ճնշումը, որոշ տեղեկություններով՝ ուժային կառույցներում էլ մեծ թվով պաշտոնյաներ սպասում են փողոցային ճնշման աճին, որ միանան շարժմանը եւ պարտադրեն Փաշինյանին հրաժարական տալ։ Եթե կրիտիկական զանգված հավաքվի փողոցում, չի բացառվում, որ ԱԺ շենքը պաշարեն եւ պատգամավորներին ստիպեն նախ ռազմական դրության ռեժիմը հանել, ապա վարչապետի անվստահության գործընթաց սկսել։ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքից հետո հայտարարել էր, որ ամենահեշտ բանը շենք-շինություններ գրավելն է, «բայց արդյո՞ք այդ շենքը գրավելը իշխանությունից հեռացնել է նշանակում»։
Ընդդիմությունը նաեւ մարզային այցելություններ, անհնազանդության տարբեր ակցիաներ, երթեր, մեծ հանրահավաքներ է ծրագրել։
Զրուցեցինք պաշտպանության նախկին փոխնախարար, Հայրենիքի փրկության շարժման քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ։
– Նոյեմբերի 9-ից հետո հենց դուք՝ ընդդիմադիրներդ էիք ասում, թե պետք չէ ակնկալել, որ հարյուր հազարներ պետք է փողոց դուրս գան, համաժողովրդական շարժում լինի, քանի որ մարդիկ տարբեր պատճառներ ունեն փողոց դուրս չգալու՝ կան սգավորներ, տնազուրկներ, փողոցից հիասթափվածներ եւ այլն։ Օրինակ, սյունեցիներն այսօր իրենց տունն են պահում ու չեն կարող միտինգ անել։
Կարդացեք նաև
– Յուրաքանչյուրն ունի իր շարժառիթը՝ դժգոհելու սրանցից, մեկի համար հայրենիքն է, մյուսի համար՝ սահմանը, երրորդի համար՝ անվտանգությունը, չորրորդի համար՝ Արցախը, ապագան, սոցիալական խնդիրները եւ այսպես շարունակ։ Բոլոր ոլորտներում այս կառավարությունը երկիրը կանգնեցրել է ծայրագույն փաստերի առջեւ, հետեւաբար, շարունակել այս իշխանության հետ ճանապարհ, նշանակում է փակ աչքերով գնալ դժոխք։ Ես չեմ կարծում, որ մեր հասարակության մտածող մասը սա է ուզում։
– Հասարակության մի մասը ռադիկալ քայլեր է ձեզնից ակնկալում, ասում է՝ հայրենիքը հանձնում են, մի հապաղեք, բռնի հեռացրեք։ Կգնա՞ք նման քայլերի՝ հաշվի առնելով իշխանական ճամբարից վերջին օրերին հնչող սպառնալիքները, որ կճնշեն, կկրակեն։
– Նպատակը պետք է արդարացված լինի, եթե պետք լինի, հանուն հայրենիքի փրկության, նաեւ այդ ճանապարհով չպետք է վարանել։ Իշխանություններին դեռեւս տրված է հնարավորություն՝ գիտակցաբար հեռանալու։ Իսկ եթե չի գիտակցում, ուրեմն զարգացումներն ինքնաբերաբար բերում են ընդհուպ մինչեւ այնպիսի գործողությունների, որոնք, ինչպես Դուք եք ասում, կարող են գնահատվել ծայրահեղ գործողություններ։ Բայց քաղաքական պրակտիկայում դրանք լայնորեն կիրառելի են այնպես, ինչպես իրենք են կիրառել 2018-ին՝ դրա անունը դնելով ոչ բռնի, թավշյա հեղափոխություն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: