Կորոնավիրուսի, հետո նաև պատերազմի պատճառով ռեստորաններն աշխատում են կա՛մ վնասով, կա՛մ փակվում են։ Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանն ասում է՝ աշխատում ենք բոլոր զոհողությունների գնով պահել այս ոլորտը, բայց չի ստացվում։
«Ժամանակ»-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ ոլորտում ծանր վիճակ է, մարտահրավերները շատ են։ Կարևորելով էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումը՝ Ռեստորանների հայկական միության տնօրենը նշեց, որ, ըստ պայմանավորվածության՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։
Գևորգյանի խոսքերով՝ նոյեմբեր-դեկտեմբերին ոլորտում գրեթե շարժ չկար, հիմա մի փոքր փոփոխություն կա, բայց սա հույս չի տալիս փոփոխության, որովհետև երկու կարևոր գործոն կա, որոնք դեռևս առկա չեն․ մեկը զբոսաշրջիկների բացակայությունն է, որը մեծ տոկոս է՝ մոտ 60 տոկոս է ոլորտի շրջանառության մեջ, երկրորդ՝ ներքին սպառման առումով էլ, հասկանալի է, որ մարդիկ իրենց ծախսերը, բնական է, կրճատել են։
«Սոցիալական վիճակը այս պահին չենք կարող ասել, որ դեպի լավը գնալու միտում ունի, դրա համար էլ բոլոր խնդիրները ոլորտի համար կան, մենք ունենք մոտ 900-ից ավելի ձեռնարկություն, որոնք ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը՝ պայմանավորված կորոնավիրուսով, և մենք ունենք տասնյակ ձեռնարկություններ, որոնք ընդհանրապես փակվել են, մոտավորապես 100 ձեռնարկություն։ Եվ հիմա անորոշության մեջ ենք»,- ասաց Գևորգյանը։
Կարդացեք նաև
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: