Լրահոս
Օրվա լրահոսը

13 տարի Տաթեւը ղեկավարած Մուրադ Սիմոնյանը չնշանակվեց պաշտոնակատար

Փետրվար 23,2021 11:20

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ, Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Տաթեւի համայնքի ղեկավարի լիազորություններն ավարտվել են, սակայն, ռազմական դրության պայմաններում, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ազգային ժողովի ընտրություններ չեն նշանակվում։

Գործող օրենսդրությամբ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ գործող համայնքի ղեկավարը, բայց Սյունիքի մարզպետը նախընտրեց նոր պաշտոնակատար նշանակել։ Ի դեպ, Տաթեւ խոշորացված համայնքի կազմի մեջ են մտնում 7 գյուղ՝ Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Շինուհայր, Խոտ, Տանձատափ, Քաշունի։

13 տարի Տաթեւ համայնքը ղեկավարած Մուրադ Սիմոնյանը տեղյակ չէ, թե ինչու ինքը չնշանակվեց։ «Հո չէի գնալու խնդրեմ մարզպետին։ Նրա հայեցողության տակ է, ում ուզի՝ կարող է նշանակել։ Ես էլ մի քիչ կհանգստանամ»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մուրադ Սիմոնյանը։ Վերջինս համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարի հետ աշխատել է, բարիդրացիական հարաբերություններ ունի։ Այնուամենայնիվ, 63-ամյա Սիմոնյանը չի զիջելու եւ մտադիր է որպես թեկնածու առաջադրվել համայնքի ղեկավարի ընտրություններում։

Մուշեղ Հովսեփյան

50-ամյա Մուշեղ Հովսեփյանը մեր հեռախոսազրույցում նախ ասաց, որ դեռ հստակ չէ իր նշանակումը, երբ լինի՝ այն ժամանակ կպատասխանի մեր հարցերին։ Դիտարկմանն ի պատասխան, որ արդեն մարզպետի որոշումը կա եւ տեղադրված է Սյունիքի մարզպետարանի էջում՝ Հովսեփյանը զարմացավ ու համաձայնեց զրուցել։

Շինուհայր գյուղից է, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձ ունի։ Շինուհայրի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է եղել, հետո դարձել է Տաթեւի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ։ «Դժվար ժամանակներ է, բայց կարծում եմ՝ հուսախաբ չեմ անի ոչ մեկին։ Բողոքներ, բնական է, կլինեն, ինչքան էլ որ փորձես օրենքի շրջանակներում աշխատել, էլի թերություններ կլինեն»,–ասաց Մուշեղ Հովսեփյանը։

Նոր պաշտոնակատարը նույնպես մասնակցելու է համայնքի ղեկավարի ընտրություններին։ Ինչ վերաբերում է նախկին գյուղապետի՝ Մուրադ Սիմոնյանի հետ աշխատելուն, Հովսեփյանը դեմ չէ։ «Իհարկե է, մեծ փորձառություն ունի ոլորտում եւ կարծում եմ իր խորհուրդներով կօգնի ինձ»,-ասում է Մուշեղ Հովսեփյանը։

Ի դեպ, նշենք, որ ավարտվել են նաեւ Տաթեւի համայնքի ավագանու լիազորությունները, ու եթե օրենքով, մարզպետը կարող է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, ապա օրենքը անկատար է ավագանու հարցում։ Կառավարությունը նախագիծ է մշակել, որպեսզի նման դեպքերում ավագանին շարունակի գործել, մինչեւ նոր ընտրությունները։

 Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728