Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Պաչյան. «Իմ պիղծ, այլասերված պատմվածքը, որն արտագրել եմ, էստեղից-էնտեղից թխել, չի կարող ընդգրկվել դպրոցական ծրագրերում». «Հայկական ժամանակ»

Փետրվար 23,2021 10:57

Ժամանակակից գրող Արամ Պաչյանը Գիրք նվիրելու օրը Երեւանի Սիրահարների այգում իր անձնական գրադարանի գրքերից է նվիրել հավաքվածներին: Մի խումբ դպրոցականներ, որոնք առավելապես այգի էին եկել՝  երիտասարդ գրողի հետ ծանոթանալու եւ նրա ստեղծագործությունների մասին իրենց կարծիքը հայտնելու, հանդիպումից ուշացել էին: Հանդիպումից ուշացել էինք նաեւ մենք եւ արձակագրի հետ կապ հաստատեցինք ավելի ուշ: Նշենք նաեւ, որ գրողի անվան շուրջ առաջացած հետաքրքրությունն առավելապես սկսեց տարածվել այն ժամանակ, երբ դպրոցների առարկայական նոր չափորոշիչներով նախատեսվում էր նրա ստեղծագործություններից մեկը՝ «Թափանցիկ շշեր» պատմվածքը, ներառել գրականության ծրագրում:

Արամ Պաչյանի անկեղծ ու բացառիկ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Ինձ թվում է՝ այնպիսի անկեղծ պատմվածք, ինչպիսին է «Թափանցիկ շշերը», կարող է գրել այն մարդը, որը ավելի խորն է բացահայտել մարդու՝ միայնակ լինելու էությունը. ճի՞շտ եմ ենթադրում:

– Ես ուղղակի փորձել եմ խոսել: Այդքանը:

– «Թափանցիկ շշեր» պատմվածքը դպրոցական ծրագրերում ներառելու փորձը մեծ աղմուկ առաջացրեց: Ձեր կարծիքով՝ երիտասարդ գրողների ստեղծագործությունները դպրոցական ծրագրում ներառելը որքանո՞վ է կարեւոր. հիմա արժե՞ ժամանակակիցներին անդրադառնալ դպրոցներում, թե՞ հետո ժամանակը ցույց կտա՝ ով է արժանի, ով՝ ոչ:

– Իմ պիղծ, այլասերված պատմվածքը, որը արտագրել եմ, էստեղից-էնտեղից թխել, գրել քերականական, շարահյուսական կոպտագույն ու անամոթ սխալներով, չի կարող ընդգրկվել դպրոցական ծրագրերում: Գրական աղբը, ալկաշ հոր ու նրա մուտանտ որդու պատմությունը չի կարող տեղ ունենալ նման ծրագրերում: Աղմուկը ես եմ բարձրացրել, հայփ էի բռնում, ինձ զոհի տեղ էի դնում, համացանցերում անունս ու նկարներս էի ֆռռցնում (ինչպես միշտ եմ արել՝ համացանցի ծննդյան օրվանից): Ես ճկուն գտնվեցի, վայնասուն կապեցի, ֆեյքերով սարքեցի, թե հայրիկիս ու ինձ ամենավերջին բառերով հայհոյում են, որովհետև կյանքիս երազանքն էր ընդգրկվել դպրոցական ծրագրերում: Բայց ամենակարևորը ուզում էի՝ գրքերս շատ վաճառվեն, հետո մարդկանցից սեր էի աղերսում, ընթերցողական բանակներ մուրում: Ու մի քիչ ուրախացա, քանի որ վաճառքի թվերը բարձրացան: Կուզեի՝ էլի բարձրանան: Ես լավ փիառ անող եմ, օրորոցից կերպար ստեղծող՝ բանդանաս կապել նկարվել եմ, որ բանդանայով լուսանկար ունենամ, գնում եմ հատուկ սրճարաններ, որ ներս մտնողները տեսնեն՝ ոնց եմ սուրճս խմում (դառն եմ խմում): Սա օգնում է ինձ, որ մշտապես լինեմ մարդկանց տեսադաշտում: Ես շատ աշխատասեր եմ, նմանատիպ հազար ու մի բան եմ մտածում օրուգիշեր:

Իհարկե, կասեն՝ «Արամ Պաչյանը իր մասին ասաց գրեթե ողջ ճշմարտությունը»: Ես հիմա պատասխանեմ՝ «Ասացի բացարձակ ճշմարտությունը: Ու քֆուր եմ ուտում, երդվում եմ ամենաթանկ ու սիրելի մարդկանց անունով, որ սա ճշմարտություն է. սա է իմ հոգու իրականությունը: Ես չարիքն եմ: Ֆաուստն եմ: Կոկորդի ոսկորը: Նախանձ, երկերեսանի, իշխանատենչ, բամբասկոտ, իր ընկերներին դավաճանած, միշտ իրեն մինչև վերջ նվիրված ընկերներին լքող, գրողներին վատություններ արած տականքը»: Ահա Ձեր հարցի պատասխանը: Կներեք, փոքր-ինչ երկար ստացվեց, բայց անհրաժեշտ էր, որպեսզի պարզ դառնար, թե ինչու և ինչպես եղավ ողջ պատմությունը: Եվ, ի վերջո, ով եմ ես:

Ձեր ստեղծագործության հերոսները հիմնականում մահվան ու կյանքի սահմանում գտնվող ոչնչացվող անհատականություններ են:  Պայքարելու հատկությունը ժամանակակից մարդու մոտ հազվադե՞պ հանդիպող որակ է:

– Ինտելեկտս ի ցույց դնեմ՝ իբր տեսեք, թե ինչ կարդացած գրող եմ, ավելին՝ իբր Ռոբերտ Մուզիլ կարդացած գրող. ահա, Մուզիլի «մարդը» 20-րդ դարում այլևս առանց հատկությունների է: Դժվար է, չէ՞, մարդուն առանց հատկության պատկերացնել. իմ գործերում հերոսները ոչ միայն ոչնչացող անհատականություններ են, այլև ոչնչություններ են՝ բառի ամենալայն իմաստով, որոնք, որպես չարիք, ցավոք, շարունակում են գոյություն ունենալ և ինչ-որ բան ասել, խոսելու փորձեր են անում: Ընդհանրապես գրականությունը մարդու էության արտացոլանքն է: Որպես ոչնչություն ինձ շատ նման են իմ հերոսները, մնացյալը հորինել եմ ու գողացել: Գալով բուն հարցին՝ ինձ թվում է՝ պայքարելու ջիղը ժամանակակից մարդու մոտ չափից դուրս շատ է:

Լուսանկարը՝ Էռնա Թովմասյանի

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728