Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. Սա նույնիսկ բռնապետության ուղի չէ, այլ պարզապես ավելի խորացվող և համապարփակ քաոսի, բարդակի ճանապարհ. Media.am

Փետրվար 23,2021 10:35

Ֆեյքերի դեմ ֆեյքային պայքարի կյանքից

Media.am. Մեդիադաշտում կատարվում են երևույթներ, որոնք ընդհանուր իրավիճակի վրա կարող են թողել վատ հետևանքներ, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ:

Հայաստանում մամուլի զարգացման ուղին բարդ է եղել։ Տարեցտարի աճել է ինտերնետը, որն ամեն դեպքում միշտ ավելի ազատ է եղել, քան ավանդական մամուլը։

Ինտերնետի աճին զուգահեռ աճում էին խնդիրները։ Այսօր արդեն ինտերնետի ազդեցությունը ոչ թե լայնածավալ է կամ աննախադեպ, ինչպես սիրում էինք ասել դեռ մի քանի տարի առաջ, այլ այն դարձել է հիմնական տիրույթը, որը ձևավորում է  տեղեկատվական հոսքերը և հանրային կարծիքը։

Նման պայմաններում ինտերնետը դառնում է իշխանությունների և ընդդիմության միջև տեղեկատվական պայքարի հիմնական հարթակ։ Եթե ավանդական մամուլի դեպքում այս պայքարը հաճախ ընթանում էր վերահսկողության շուրջ (իշխանությունները միշտ փորձում էին հնարավորինս քիչ անվերահսկելի լրատվամիջոցներ ունենալ), ապա համացանցի դեպքում խաղի կանոնները փոխվում են։

Ամբողջական վերահսկողությունն այստեղ գրեթե անհնարին է։ Հայաստանի դեպքում հաստատ կարող ենք ասել, որ անհնարին է, քանի որ այն խիստ ծախսատար է և միևնույն է՝ ոչ էֆեկտիվ։

Վերահսկողությունը անհնարին է ռեսուրսների տեսանկյունից, քանի որ շատ դեպքերում ազդեցության կենտրոն են հանդիսանում ոչ թե լրատվամիջոցները, այլ անհատները կամ նույնիսկ անանուն օգտատերերը, որոնց Հայաստանում ընդունված է աջ ու ձախ անվանել «ֆեյք»։

Ներկա իշխանությունները, որոնց մեջ կան բազմաթիվ լրագրողներ, խմբագիրներ, փաստացի սկսեցին կորցնել վերահսկողությունը ինտերնետում, որտեղ գերակշռող ազդեցություն ունեին դեռ երկու տարի առաջ։ Երկու տարի առաջ գոյություն ունեցող նրանց վերահսկողությունն օրգանական էր, չէր պահանջում ճնշող մեխանիզմներ կամ գործողություններ, որոնց դեմ էլ հենց պայքարում էին ներկա իշխանությունները, երբ դեռ իշխանություն չէին։

Անցան ամիսներ, տարիներ։ Այդ ընթացքում ինտերնետում շատ բան փոխվեց։ Մի կողմից, ընդդիմադիր ուժերը մեծ ռեսուրսներ կուտակեցին այստեղ։ Մյուս կողմից, իշխանություններն այդպես էլ չսովորեցին համացանցում լինել իշխանություն, կառավարություն, մնացին ընդդիմադիր կեցվածքով լայվերի մասնագետներ։

Այդպես էլ չստեղծվեց ընդհանուր պետական տեղեկատվական քաղաքականություն։

Մի նախարար Ֆեյսբուքով էր աշխատում, մյուսը՝ Թվիթերով։ Երրորդի ձայնը չէր էլ լսվում։ Մեկն ուներ խոսնակ, որը խոսում էր, մեկն ուներ խոսնակ, որը միայն լսում էր։ Դեռ չեմ խոսում պատերազմից հետո առաջացած սարսափելի հետևանքների մասին։ Այս ամենի արդյունքում ազդեցության կենտրոնները համացանցում սկսեցին փոխվել, վերաձևավորվել։

Իսկ հետո իշխանությունները որոշեցին կարգավորել ինտերնետն ու ընդհանրապես մեդիադաշտը։ Կարգավորելը ո՞րն է, որոշեցին պորտը տեղը դնել։ Ու իրար հետևից զարմանալի բաներ սկսվեցին։

Մի քանի շաբաթվա ընթացքում առաջարկվեց թույլ չտալ լրագրողներին մեջբերել անանուն աղբյուրներին։ Հետո պարզվեց, որ կա նախագիծ, որով զրպարտությունը պետպաշտոնյաների հանդեպ ուզում են քրեականացնել։ Հիմա էլ պարզվում է, որ մի հայհոյախոս ֆեյքի բռնելու համար բազմաթիվ մարդկանց են բերման ենթարկում, քանի որ կասկածվում է, թե հենց իրենք են այդ ֆեյքին վարում։

Ու այդ ողջ ընթացքում ֆեյքը հանգիստ շարունակում է հայհոյել իրեն որսողներին։

Ամենատարօրինակն այս ֆեյքաորսի հետևում ընկած բարձր տեխնոլոգիական միտքն է։ Ըստ բերման ենթարկվածներից մեկի փաստաբանի, մարդկանց կասկածում են զուտ այն պատճառով, որ նրանք օգտվում են նույն ProtonVPN ծրագրից, ինչ տվյալ անբռնազբոս ֆեյքը։ Որի լսարանն, ի դեպ, կտրուկ աճել է հենց այս որսի հետևանքով։

Պաշտոնական հստակ տեղեկատվությունը բացակայում է, միակ հստակությունը առաջանում է փաստաբանների խոսքերից, որոնցից էլ բխում է, որ միակ փաստարկը հենց ProtonVPN-ից օգտվելն է։ Եվ, ենթադրում եմ, բխում են նաև խոր կասկածներն ու մտահոգությունները, որոնց հիման վրա հիմնվելով երկու ամսով կալանավորել են մարդկանց։

Սա նույնն է, երբ, օրինակ, հայտնի լինի, թե հանցագործություն է կատարել մոխրագույն Օպելով երթևեկող անձը, և ոստիկանությունը բերման ենթարկի բոլոր Օպելների վարորդներին։ Իսկ ամենակասկածելիներին կալանավորի։

Բացի այն, որ մենք գնում ենք շատ վատ ճանապարհով և քանդում ենք ժողովրդավարության հիմքերը, այլև չենք հասկանում, որ այս ամենը էֆեկտիվ չի լինելու: Նման բան նախաձեռնել նշանակում է ապրել պատրանքների մեջ:

Ժողովրդավարությունը զոհաբերվում է հանում կետային, մանր խնդիրների դեմ պայքարի։

Անանուն աղբյուրներին հղում անելը ուզում են արգելել զուտ մեկ-երկու Տելեգրամ ալիքների դեմ պայքարելու համար։ Զրպարտանքի դեմ օրենսդրությունն ընդամենը մի քանի մարդու դեմ պայքարելու միջոց է։ Ավելի մեծ ամբիցիաներ չկան էլ։

Սա նույնիսկ բռնապետության ուղի չէ, այլ պարզապես ավելի խորացվող և համապարփակ քաոսի, բարդակի ճանապարհ։

Ֆեյքային պայքար է ֆեյքերի դեմ։

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեդիա հետազոտող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728