Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարմանալին այն է, որ ժամանակին այդ նույն մարդիկ քննադատում էին նախկին իշխանություններին, որ կալանքը որպես խափանման միջոց հաճախակի է գործածվում. Ավետիք Իշխանյան. «Փաստ»»

Փետրվար 23,2021 10:29

Իրավական պետություն հասկացությունն այն է, երբ դատաիրավական համակարգն անկախ է գործում գործադիր իշխանությունից: Ցավոք, Հայաստանում այդպես էլ նման համակարգ չձևավորվեց: «Փաստի» հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ՀՀ պատմության մեջ այդ կառույցների այսպիսի ցինիկ օգտագործում երբևէ չի եղել: Համենայն դեպս, նույն ԱԱԾ-ն ՀՀ ողջ պատմության մեջ, որպես կանոն, առնվազն բացահայտ չի խառնվել ՀՀ-ում ներքին քաղաքական խնդիրներին: Ես չեմ հիշում, որ ինչ-որ կոռուպցիայի և այլ դեպքերով ԱԱԾ-ն դիմակավորված մտներ, մարդկանց ահաբեկեր: ԱԱԾ-ի այսպիսի օգտագործումն ինձ հիշեցնում է 30-ական թվականները՝ Ստալինյան շրջանը, НКВД, Չեկայի շրջանը: Այսօրվա վարչապետի համար որևէ օրենք գոյություն չունի, իսկ հրամանները հլու-հնազանդ պետք է կատարել: Դա սկսվեց իշխանության գալուց հետո, երբ հարթակից բացահայտ հրահանգեց մարդկանց ասֆալտին փռել, իսկ ոստիկանությունը և ԱԱԾ-ն այդ հակաօրինական հրահանգը հլու-հնազանդ կատարեցին: Համոզված եմ՝ 2018 թվականից սկսած՝ նա կանչում է այդ կառույցների ղեկավարներին ու հրահանգում իրեն քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ գործեր հարուցել»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ այսօր մեզ մոտ հենց այս իրավիճակն է:

«Եվ ավելորդ է այս իրավիճակում խոսել ինչ-որ իրավունքի, միջազգային նորմերի ու իրավունքի խախտման մասին:Այսօր Հայաստանում գործում է մեկ հոգու կամքը: Միայն դատական համակարգի ոչ բոլոր, բայց առանձին դատավորներն են, որոնք չեն ենթարկվում նրա կամքին: Դատավորներ, որոնք և՛ դե յուրե են անկախ և՛, փաստորեն, նրանք պահպանում են իրենց մասնագիտական արժանապատվությունը՝ չենթարկվելով նրա հրահանգներին: Այս ամենից զատ՝ ինձ համար զարմանալի է նաև հետևյալը. երբեմն քաղհասարակության անդամներ կոչվող զանազան անհատներ մեղադրում են դատարաններին ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանք չկիրառելու համար:

Զարմանալին այն է, որ ժամանակին այդ նույն մարդիկ քննադատում էին նախկին իշխանություններին, որ կալանքը որպես խափանման միջոց հաճախակի է գործածվում, իսկ այսօր քննադատում են դատարաններին, որ կալանք չեն տալիս, ու նրանց մեղադրում անկախ չլինելու մեջ: Հետաքրքրականն այն է, որ դատարանների անկախությունը չափվում է հենց նրանով, թե նրանք որքանով չեն ենթարկվում գործադիր իշխանությանը: Մեծ հաշվով, զարմանալի բաներ են կատարվում: Ես վստահ եմ, որ ցանկացած քաղաքական գործչի նկատմամբ հարուցված գործերը, ձերբակալությունները, կալանավորումներն ինքնուրույն որոշման արդյունք չեն, դրանք կատարվել են վարչապետի հրահանգով, և բոլորը քաղաքական հետապնդումներ են»,-ասաց Ա. Իշխանյանը՝ շեշտելով, որ այն իրավիճակը, որն ունենք այսօր, համեմատելու չէ նախկինում ունեցածի հետ:

«Եթե այն ժամանակ մենք, այսպես ասեմ, թույլ ավտորիտար տիպի պետության մեջ էինք ապրում, ապա այսօր գնում ենք դեպի տոտալիտարիզմ, դեպի ոստիկանական պետություն»,-ընդգծեց նա՝ մատնանշելով իրավիճակի վտանգների մասին: «Առաջին վտանգն այն է, որ Հայաստանը այնպիսի ռեսուրսներ չունի, որ բռնապետությունը, պայմանական ասած, «արդյունավետ լինի»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728