«Վերջին շրջանում մամուլում շատացել են պնդումները, որ տեսակետ, համոզմունք արտահայտելու համար մարդկանց աշխատանքից ազատում են: Ընդ որում, խոսքը գնում է պետական աշխատանքի մասին: Անկեղծ ասած, ինձ մոտ սկսվում է դեժավյու վիճակ. Ես այդ վիճակը տեսել եմ նաև ՀՀՇ-ի ժամանակ, երբ ոչ միայն աշխատողներին էին աշխատանքից ազատում, այլև փնտրում էին պետական աշխատողների հարազատներին, բարեկամներին, ազատում աշխատանքից ընդդիմադիր լինելու հիմքով: Ես հիշում եմ՝ մի անգամ եղբորս հետ, ով բարձրաստիճան պաշտոնյա էր, փողոցում խոսում էի ու զգում էի, որ նա կաշկանդված է, չի ուզում՝ մեզ միասին տեսնեն: Ցավոք սրտի, այդ ժամանակները վերադառնում են»,- ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը՝ անդրադառնալով վերջին օրերի հրապարակումներին այն մասին, որ մարդիկ են աշխատանքից ազատվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի կոչին միանալու համար:
Նրա խոսքով՝ բարեբախտություն է այն, որ այժմ այս իշխանություններին չհաջողվեց քանդել կայացած դատական համակարգը, և բացառությամբ մի քանի դատավորների, ընդհանուր առմամբ դատական համակարգն իր տեղում է: Սեդրակ Ասատրյանն այն աշխատողներին, որոնց իրավունքը խախտվել է, կոչ արեց անպայման դիմել դատարան, քանի որ, եթե դատարանում հիմնավորվի, որ աշխատանքից ազատումը եղել է խտրական հիմքով, նրանք անպայման կվերականգնվեն իրենց աշխատանքում:
«Մենք նախկին իշխանությունների օրոք էլ ենք ունեցել դեպք, երբ մարզպետն աշխատանքից առանց պատճառի ազատել է պոլիկլինիկայի տնօրենին՝ հղում տալով Սահմանադրության 88-րդ հոդվածին: Սահմանադրական դատարանն ասել է, որ դա սեփականատիրոջ, բիզնես գործունեություն իրականացնողի ազատ իրավունքն է, որի հետ մենք համաձայն ենք: Այսինքն՝ մասնավոր ընկերությունների դեպքում միանշանակ ճիշտ է այդ ընկալումը, և բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ և կարող է ցանկացած ժամանակ, հղում կատարելով 88-րդ հոդվածին, ազատել աշխատողին առանց պատճառի: Բայց երբ հիմնադիր-բաժնետերը պետությունն է, նա մոռանում է, որ Սահմանադրության 2-րդ գլխով սահմանված իրավունքներից ինքը չի կարող օգտվել: Ինքն իրավունք չունի առանց պատճառի աշխատանքից ազատել մարդուն»,- ասաց աշխատանքային իրավունքի մասնագետը՝ խոսելով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցների և Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրենի՝ իրենց արտահայտած կարծիքի համար աշխատանքից ազատվելու դեպքերին:
Բացի դրանից, ըստ Սեդրակ Ասատրյանի, նշված դեպքերում ակնհայտ է, որ խտրականության հիմքով են նրանց աշխատանքից ազատել, համոզմունք, տեսակետ արտահայտելու համար:
Կարդացեք նաև
«Աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով հստակ սահմանված է, որ արգելվում է աշխատողին աշխատանքից ազատել համոզմունքի և տեսակետ արտահայտելու համար»,- նկատեց Սեդրակ Ասատրյանը:
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում